Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԶ ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Տնտեսություն

Այն որ 2003 թվականին Հայաստանում անպայման գրանցվելու է տնտեսական աճ այսօրվա պաշտոնյաները չեն կասկածում: Կառավարության ու Առեւտրի եւ Տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցները մտադրվել են հաջորդ տարվա ողջ ընթացքում իրականացնել փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագիր:

Այսպիսով 2003 թվականի տնտեսական աճի ամբողջ պատասխանատվությունն այսօրվանից արդեն դրվեց փոքր եւ միջին ձեռնարկատերերի վրա:
Կառավարությունը որոշել է, որ նրանց հանդեպ հաջորդ տարի կլինի ավելի շռայլ:

Այդ ոլորտի համար այս տարի հատկացված 20 մլն. դրամի փոխարեն, 2003 թվականի պետբյուջեից կհատկացվի 250 մլն. դրամ:

Նույնչափ գումար փոքր եւ միջին ձեռնարկատերերին պատրաստվում են տրամադրել միջազգային տարբեր կառույցներ: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրով նախատեսվում է ձեռնարկատերերին մատուցել խորհրդատվական ծառայություն, ստեղծել մարզային կենտրոններ, ինչպես նաեւ ձեռնարկատերերին հատկացնել պետական երաշխիքներ` բանկերում վարկեր ստանալու համար:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ըստ էության ընդունում է այդ ոլորտի թերի կառավարման փաստը եւ խոստովանում, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերը չեն կարողանում հիմնել նոր բիզնես, քանի որ երաշխիքների բացակայության պատճառով բանկերը հրաժարվում են նրանց ֆինանսավորել:

Կարեն Ճշմարիտյանի տվյալներով Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքի 35 տոկոսը բաժին է ընկնում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը եւ նա համոզված է, որ այդ տվյալը աճելու միտում ունի:

Նախատեսվում է մեծացնել նաեւ ամբողջ արդյունաբերության դաշտում փոքր եւ միջին ձեռնարկությունների թիվը: Այսօր այդ ձեռնարկությունների տեսակարար կշիռը կազմում է 65-70 տոկոս, հավաստիացնում է Կարեն Ճշմարիտյանը: