Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒՇԸ ԳՐԱՎՈՐ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

Քաղաքականություն

Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:

«Կոնկրետ քայլերը ներառում են բոլոր ազատությունների ամբողջական վերականգնում. մամուլի ազատություն, խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք», - ասաց Բրայզան: - «Չափազանց կարեւոր է, որ ազատ արձակվեն այն անձինք, որոնց գործողությունները ոչ թե քրեական, այլ քաղաքական տարրեր են պարունակում, միեւնույն ժամանակ, հետաքննություն անցկացվի եւ դատապարտվեն ընտրական կեղծիքներ կատարած ու բռնություն կիրառած անձինք, անկախ նրանից` իշխանական ճամբարից են, թե ընդդիմության: Այդ իսկ պատճառով, դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումը այս երկրում առաջնահերթ խնդիր է»:

Հարցին` արդյո՞ք իր մասնակցությունը Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնադրման արարողությանը վկայում է, որ Միացյալ Նահանգները Սերժ Սարգսյանին համարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, Մեթյու Բրայզան պատասխանեց, թե ինքն ընդամենը «ամերիկացի համեստ դիվանագետ է», ով պատասխանատու է այս տարածաշրջանի համար եւ ժամանել է հաստատելու հաղորդակցման արդյունավետ ուղիներ, այն հույսով, որ կշարունակվի տարբեր ոլորտներում, այդ թվում Ղարաբաղի եւ անվտանգության հարցերում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցությունը, եւ Հայաստանում վերստին ընթացք կտրվի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին:

«Ես Միացյալ Նահանգների նախագահը չեմ, ոչ էլ արտգործնախարարը, ես փոխպետքարտուղարի օգնականն եմ, ով մեծապես անտարբեր չէ այս տարածաշրջանի ու այս երկրի նկատմամբ եւ հարաբերություններ հաստատելու եւ դրանց օժանդակելու պարտականություններ ունի», - ասաց Բրայզան:

Նա կարեւորեց Հայաստանի բոլոր հիմնական ուժերի` ընտրված նախագահի, ապագա կառավարության, ընդդիմության ու նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքային հարաբերություններ ունենալը:

Մեթյու Բրայզան տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշից որեւէ գրավոր ուղերձ չի բերել. - «Ես գրավոր ուղերձ չեմ բերել, սակայն բերել եմ բանավոր ուղերձներ, որոնք փոխանցելու եմ որքան հնարավոր է շատ մարդու»:

Իսկ հարցին, թե ե՞րբ է Ջորջ Բուշը շնորհավորելու Սերժ Սարգսյանին, ամերիկացի դիվանագետը արձագանքեց. - «Ես չեմ կարող խոսել իմ նախագահի անունից: Կարծում եմ, կլինի Հայաստանում իրադարձությունների ընթացքի վերաբերյալ արձագանք Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակով: Եվ երբ Հայաստանի քաղաքացիները ցուցադրեն, որ իրենց գոհացնում է այն ուղին, որով շարժվում է պետությունը, իսկ իշխանությունները գործադրեն դրամատիկ քայլեր, կլինի նաեւ համապատասխան հայտարարություն նախագահ Բուշից կամ պետքարտուղար Ռայսից»: