Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՀԱՂԹԱՆԱԿ Է»

Տնտեսություն

«Հայաստանն ունի իր տնտեսական քաղաքականությունը, եւ մեր երկրի անդամակցումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հենց այդ քաղաքականության շրջանակներում է», - այսօր հայտարարեց ՀՀ Առեւտրի եվ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա համոզված է, որ այս կառույցին անդամակցությունը «մեր երկրի համար մուտք կապահովի կանխատեսելի ապագայով մի աշխարհ, որը գնում է դեպի գլոբալիզացիա, տնտեսական ինտեգրացիա եւ առեւտրի ազատականացում»:

Թեեւ «մուտք դեպի այդ աշխարհ» սահմանակից Թուրքիայով ակնկալելն ավելորդ է: Թուրքիան հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում Հայաստանի համար «առավելագույն բարենպաստ ռեժիմ ապահովել»:

Այս հարցում ԱՀԿ ղեկավարությունը Հայաստանին ոչնչով չի կարող օգնել: Ըստ նախարարի, այս կազմակերպության անդամ լինելը մեր երկրի վարկը 50 տոկոսով բարձրացնում է:

«Հայաստանով արդեն հետաքրքրվում են «Պեպսի Կոլա», «Ջեներալ մոտորս» ընկերությունները»,- ասում է Կարեն Ճշմարիտյանը:

Բայց ավելի կարեւոր նախարարը համարում է այն, որ Հայաստանում կգրանցվի 1-4 տոկոս տնտեսական աճ` «ներդրումների աճի, արտահանման ծավալների ավելացման շնորհիվ»:

Ի դեպ, նրանց համար, ովքեր կասկածում են, «որ սա լուրջ հաղթանակ է», պարոն նախարարը պատրաստ է սեմինարներ կազմակերպել:

Կարեն Ճշմարիտյանը ավելորդ չհամարեց հիշել նաեւ Օսկար Բենդերի խոսքերը. «Մարդիկ ամենից շատ վախենում են անհասկանալի բաներից»: