Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈԼՈ՞Ր ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի նյարդերն արդեն կարող են փոքր ինչ հանգստանալ: ՀՀ ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ Համաշխարհային Բանկը Հայաստանին հատկացնի SAC-5 երկարատեւ սպասված վարկը:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են 50-ից ավելի որոշումներ, որոնցից 11-ը այն իրավական ակտերն էին, որոնք Հայաստանը պետք է ընդուներ հանուն SAC-5-ի:

Համաշխարհային Բանկի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն այդ իրավական ակտերը անհրաժեշտ էր հաստատել մինչեւ դեկտեմբերի 15-ը:

Այսպիսով ՀՀ կառավարությունն իր խոստումն իրագործեց վերջնական ժամկետից 10 օր շուտ:

Հայաստանի ֆինանսական պրոբլեմները, սակայն, դրանով չեն լուծվի, քանի որ ընդունված 11 իրավական ակտերը ՀԲ-ին բավարարում են այնքանով, որ Հայաստանին հատկացվի SAC-5-ի ընդամենն առաջին մասնաբաժինը:

Այնուամենայնիվ, այս տարվա ընթացքում Հայաստանին այդ մասնաբաժինը հավանաբար չի հասնի: ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերով, գումարի հատկացումն արդեն կախված է ՀԲ-ում ընդունված ընթացակարգերի արագությունից:

Իսկ SAC-5-ի երկրորդ մասնաբաժինը ստանալու համար Հայաստանի կառավարությունը մի շարք իրավական ակտեր կընդունի մինչեւ 2003 թվականի մայիսը:

Իսկ մինչ այդ, այսօր ընդունված իրավական ակտերի եւ Համաշխարհային Բանկի պահանջների հիման վրա Հայաստանում կսկսվի օրենսդրական դաշտի լուրջ փոփոխություն:

Օրենքներ կփոխվեն, կբարելավվեն եւ նույնիսկ նոր օրենքներ կընդունվեն առողջապահության, կրթության, ֆինանսների եւ այլ ոլորտներում:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի բնորոշմամբ այդ ամենը կարեւոր իրադարձություն է Հանրապետության համար:

Ի դեպ, Կառավարությունը դիմել է ՀՀ նախագահին` ԱԺ արտահերթ նիստ գումարելու խնդրանքով: Կառավարությանն անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանը քննարկի 2003 թվականի բյուջեի կատարումն ապահովող օրենքները, ինչպես նաեւ անավարտ մնացած նախագծերը:

ԱԺ արտահերթ նիստը նախատեսվում է գումարել դեկտեմբերի 10-ին: