Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆՏԵԼԻՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Տնտեսություն

«Հայաստանում թշնամական մթնոլորտ է ստեղծված ներդրողների հանդեպ: Աշխարհում եզակի դեպք է, երբ նախարարը կոչ է անում, որ բաժանորդները չվճարեն րոպեավճարների գումարները», - Արմենտելի տնօրենների խորհրդի անդամ Մակլարեսի այս լուրջ մեղադրանքը համապատասխան լուրջ քննարկման, նույնիսկ մտորումների չարժանացավ:

Ոչ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ոչ էլ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը չանդրադարձան ներդրողի այս կոշտ դիրքորոշմանը:

Դավիթ Հարությունյանից տեղեկացանք, որ վերոհիշյալ հայտարարությունից հետո ինքը չի հանդիպել Մակլարեսի հետ:

Իսկ Անդրանիկ Մանուկյանը կրկնում է, որ Մակլարեսի հայտարարությունը պրովոկացիոն բնույթ ուներ, բայց իրենք չտրվեցին այդ պրովոկացիային:
« Ընդհանրապես, լավ կլիներ, որ Մակլարեսները Հայաստանում կապի որակը բարելավեին: Մենք տվել ենք կապի ոլորտը 90 տոկոսով իրենց, թող բարելավեն: Երբ կապի որակը կբարելավեն, թող այն ժամանակ խոսեն րոպեավճարի մասին, բայց այսօր նորից եմ կրկնում. քանի դեռ այսպիսին է կապի որակը, 1 ցենտ էլ չարժե վճարել»:

Կապի նախարարը հիշեցնում է , որ Արմենտելը տարվա սկզբին խոստացավ 24 մլն դոլարի ներդրումներ անել` Հայաստանի տարածքի 80 տոկոսը բջջային կապով ապահովելու համար:
«Սակայն չունենալով տեխնիկական միջոցներ, խոստացված ներդրումները չանելով, Արմենտելը մեջտեղ բերեց չարաբաստիկ 50 հազար Իզի քարտերը եւ այսօր բջջային կապով կապվել ուղղակի հնարավոր չէ: Բոլորիս է հայտնի այսօրվա կապի որակը»:

Ելնելով նախարարի խոսքերից, դժվար չէ պատկերացնել նրա կարծիքը Արմենտելի եւ իր արած ներդրումների մասին: Ակնհայտ է նաեւ, որ խոստացված ներդրումները չեն արվում կամ ուշացվում են, պարբերաբար, թեկուզ ոչ միտումնավոր խախտվում են լիցենզիայի պահանջները, եւ բոլոր հիմքերը կան Արմենտելին մենաշնորհից զրկելու համար:

Այդ քայլին, սակայն, կառավարությունը չգիտես ինչու չի գնում: Չնայած կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ չբացառեց նաեւ իրադարձություների նման ելքը: