Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ 11 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Տնտեսություն

Այսօր առավոտյան սկսվեց հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 3-րորդ նիստը:

Հունաստանի հանրապետության փոխարտգործնախարար, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեաս Լովերդոսը նշեց, որ թեեւ վերջին 2-3 տարիներին հարաբերությունները երկու երկրների միջեւ ակտիվացել են, սակայն տնտեսական համագործակցությունը թույլ է:

«Մենք բավարարված չենք երկկողմ առեւտրական համագործակցությունից, այդ կապն այսօր ապահովում է տարեկան ընդամենը 11մլն դոլար շահույթ», - ասում է նա:

Հունական կողմը պատրաստ է ներդրումներ անել, սակայն որքան եւ երբ, պրն Լովերդոսը չնշեց: ՀՀ գյուղնախարար, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հայաստանյան կողմի համանախագահ Դավիթ Զադոյանն էլ հաստատեց փաստն, ասելով, որ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը հետ է մնում քաղաքական հարաբերություններից:

Ըստ նրա, լուրջ հիմքեր կան զարգացնելու սննդի, ըմպելիքների, կաթի, շինանյութերի, ջերմային եւ արեւային մարտկոցների արտադրության, էլեկտրոնիկայի եւ այլ ոլորտները:

«3-րորդ տարին է բանակցություններ ենք վարում Իրան-Հայաստան գազամուղին Հունաստանի մասնակցության շուրջ», - ասում է Դավիթ Զադոյանը:
Նա տեղեկացրեց, որ հույների մասնակցությունն այդ հարցում նախագծային աշխատանքներում օգնություն ցույց տալուց այն կողմ չի անցնում:

Իսկ ինչ են տվել նախորդ երկու նիստերը: Պրն Զադոյանը նշեց երաշտի ժամանակ Հունաստանի կողմից որպես օգնություն 250 հազար դոլարը, ինչպես նաեւ նրանց կողմից խոստացված 10 հազար տոննա ցորենը եւ 3 հազար տոննա պարարտանյութը, թեեւ վերջինները գյուղնախարարություն կհասնեն միայն 2003 թվականին:

Երեկոյան հայ- հունական միջկառավարական 3-րորդ նիստը կավարտի իր աշխատանքը: Կստորագրվեն 5 հանձնախմբերի կողմից կազմված արձանագրությունները: