Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Տնտեսություն

Հայաստանում կա 320 հազար ինքնակամ կառուցված շենք եւ շինություն, - այսօր Ազգային Ժողովում տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի վարչության պետ Մանուկ Վարդանյանը:

Վերջինս այսօր մասնակցում էր պատգամավորների կողմից ներկայացված «Ինքնակամ կառուցված շենքերի եւ շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի պետական կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումներին:

Միայն ապօրինի շինություններն, ըստ վարչության պետի, 9777-ն են, որից ավելի քան չորս հազարը` Երեւանում: Գրանցված է նաեւ 4301 հասարակական եւ արտադրական ապօրինի շինություն: 11 հազարի են հասնում ինքնակամ շինություն հանդիսացող առեւտրի կրպակները: Եվս 23 հազար 326 կցակառույցներ կան բազմաբնակարանոց շինություններում: Վերջիններիս մեջ մտնում ապօրինի կառուցված պատշգամբները, շքապատշգամբները եւ այլն:

Բոլոր այս կառույցներն, ըստ Մանուկ Վարդանյանի, դուրս են հողի հարկի եւ գույքահարկի բազայից, բնականաբար այդ կառույցները գոյություն չունեն նաեւ անշարժ գույքի շուկայում:

Պատգամավոր Սերգո Երիցյանը տեղեկացրեց, որ, ըստ օրինագծի, կօրինականացվեն այն շինությունները, որոնք չեն խանգարում քաղաքաշինական խնդիրների գլոբալ լուծմանը: Փաստորեն, ըստ պատգամավորի, հնարավոր կլինի դրանք տեղափոխել գույքահարկի գոտի:

Օրինագծի համահեղինակ պատգամավոր Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ներկայացված օրինագիծն Ազգային Ժողովի եռօրյայում է արդեն երկուս ու կես տարի:

Ըստ նրա, օրինագծի գլխավոր արժանիքն այն է, որ մարդիկ զարտուղի ճանապարհներով չօրինականացնեն շինությունները: