Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵ՞Ս ՉԻՆՈՎՆԻԿԻՆ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Տնտեսություն

այս հարցադրումն է գերակշռում պետբյուջե 2003-ի հայեցակարգում

Ազգային Ժողով ներկայացված 2003-ի պետական բյուջեի նախագիծն ըստ էության պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման, չինովնիկների հանդեպ հոգածության բյուջե է:

Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանն այսօր կառավարության առատաձեռնությունը ձեւակերպեց այսպես. «1 կամ 131 մարդու հարցեր լուծելն ավելի հեշտ է, քան, ասենք, 500 հազարի (երկրում թոշակառուների թիվը-խմբ.)»:
«Մենք չենք հասկանում, թե ինչու պատգամավորության թեկնածուն պետք է 50 հազար դոլար ծախսի 140 հազար դրամ (պատգամավորների ներկա աշխատավարձի չափը) ստանալու համար»,-արդարանում է ֆինանսների նախարարը: Ըստ նրա, այդքան գումարով պատգամավորը չի կարող մտածել երկրի ապագայի մասին:

Հիշեցնենք, որ նախագծով պատգամավորի աշխատավարձը կազմելու է 360 հազար դրամ: Բյուջեի նախագծով հարկային աշխատողները նույնպես հնարավորություն ունեն «լավ աչքով» նայելու երկրի ապագային:

Այսուհետ, ըստ ֆինանսների նախարարի, հարկային սովորական տեսուչը կստանա 200 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ:
Պարոն Խաչատրյանը կարծում է, որ այդ գումարով «հնարավոր կլինի բյուջե չմտնող գումարների դեմն առնել»:

2 միլիարդ 963 միլիոն դրամ միջոցներ են նախատեսվել պետեկամուտների նախարարության եւ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատավարձերի բարձրացման նպատակով:
2003-ի հուլիսի 1-ից բարձրաստիճան անձանց աշխատավարձի բարձրացման նպատակով պետբյուջեի նախագիծը նախատեսում է 764 միլիոն դրամ:

Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն այսօր բյուջեի քննարկումների ժամանակ տեղեկացրեց, որ 10 միլիոն դրամով ավելացվելու է ԱԺ աշխատակիցների գործուղման ծախսերը:

Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը առաջարկեց բյուջեում միջոցներ նախատեսել «վառելիքի ծախսերը կոմպենսացնելու համար աշխատակազմի մի քանի մեքենաներ փոխելու մասով»: