Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹՈւՐՔԻԱՆ ՑԱՆԿԱԼԻ ՄՐՑԱԿԻՑ ՉԷՐ»

Սպորտ

Հարավաֆ‎րիկյան Հանրապետություն կայացած 2010թ. աշխարհի առաջնությանը ընտրական փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականը կրկին բարդ խմբում է հայտնվել: Նման կարծիքի է Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիտ Ռոբերտ Արզումանյանը, որը ներկայիս հավաքականի լավագույն ռմբարկուն է. «Հայաստանին միշտ էլ ուժեղ մրցակիցներ են բաժին հասնում, քանի որ վիճակահանության ժամանակ գտնվում ենք նախավերջին զամբյուղում: Իմ կարծիքով մեր խումբը թույլ չէ, այլ հակառակը բավական ուժեղ կազմ ունեցող խումբ է»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի մցակից լինելուն` Արզումանյանը չցանկացավ քաղաքականացնել այս հանդիպումները. «Ֆուտբոլ է, պետք է խաղանք»: Արզումանյանը Հայաստանի հավաքականը կազմում «Եվրո-2008»-ի շրջանակներում 2 անգամ մրցել է Բելգիայի հետ, որին մեր ընտրանին 2 դեպքում էլ պարտվել. «Ռեւանշի հասնելու հնարավորություն միշտ էլ կա, սակայն թե ինչ կլինի առայժմ վաղ է խոսել: Ամեն դեպքում մենք յուրաքանչյուր խաղում էլ ամեն ինչ անում ենք հաղթանակի համար: Բելգիան վատ թիմ չէ եւ չեմ կարծում, թե 3-րդ զամբյուղից ամենահարմար մրցակիցը հենց նրանք էին: Գտնում եմ, որ ավելի հաջող հավաքականներ էլ կային: 4-րդ զամբյուղում էլ, ըստ երեւույթին, ամենաանցանկալի մրցակիցը Բոսնիան էր, որը նույնպես դարձավ մեր մրցակիցը: Բոսնիայի երիտասարդականի դեմ նախորդ տարի հանդես ենք եկել եւ շատ լավ թիմ ունեին` համալրված ատլետիկ եւ բարձրակարգ ֆուտբոլիստներով: Բոսնիայի ազգային թիմում էլ հանդես են գալիս մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Գերմանիայի եւ այլ երկրների առաջնությունններում, ուստի այս հավաքականի դեմ դժվար կլինի»:

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւս հիացած չէր վիճակահանության արդյունքներից. «Ինքներդ տեսաք, որ բավական ուժեղ խմբում ենք: Եթե Թուրքիան չլիներ մեր խմբում, վիճակահանությունը կարելի էր բարեհաջող համարել: Ցանկալի կլիներ, որ Թուրքիայի փոխարեն այլ մրցակից բաժին հասներ: Լավ թիմեր են Բելգիան եւ Բոսնիան: Բայց պետք է պատրաստվենք հաջող հանդես գալու, քանի որ վիճակահանությունը արդեն կայացել է»: Մանուկյանը հայտնեց, որ դեռ հայտնի չէ, թե Թուրքիայի հետ հանդիպումների շուրջ ինչ քննարկումներ կընթանան. «Հավանաբար դեկտեմբերին մեր խմբի մասնակիցների կհավաքվեն եւ կքննարկեն խաղացանկը, որի ընթացքում էլ կքննարկվեն բոլոր հարցերը»: