Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈւՐՔԻԱՆ` ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում կմրցի Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Էստոնիայի հավաքականների հետ: 5-րդ ընտրական խմբում ընդգրկված Հայաստանի համար վիճակահանությունը այնքան էլ բարեհաջող չէր:

Նախորդ ընտրական փուլում Հայաստանը միեւնույն խմբում էր հայտնվել Ադրբեջանի հետ: Երկարատեւ քննարկումներից հետո այդ հանդիպումները չկայացան, եւ կողմերին շնորհվեցին 0-ական միավոր: Այժմ քննարկումների տեղիք կտա Թուրքիայի հետ կայանալիք հանդիպումը: Արդեն այժմ կարելի է բացառել, որ այս հանդիպումները կարող են չկայանալ, սակայն ակնհայտ է, որ դրանք կանցնեն խիստ լարված մթնոլորտում: Մասնավորապես` 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում կայացած Թուրքիա - Շվեյցարիա, «Եվրո-2008»-ի Թուրքիա - Հունաստան հանդիպումներում դաշտի տերերը աչքի ընկան ոչ կոռեկտ պահվածով, եւ եթե Հայաստանի հետ հանդիպումից առաջ հատուկ միջոցներ չկիրառվեն, ապա նույնը պատկերը կլինի նաեւ այս խաղում:

Ընտրական 5-րդ խմբի ընգծված ֆավորիտը Իսպանիան է: Այս հավաքականի հետ Հայաստանը արդեն հանդիպել է 4 անգամ եւ նույնքան պարտություն կրել: Դեռ ավելին. հայ ֆուտբոլիստները ոչ մի անգամ չեն կարողացել գրավել իսպանացիների դարպասը, իսկ սեփականը` ընդունելով 10 գնդակ: Հայաստանը 4 հանդիպում է անցկացրել նաեւ Բելգիայի հետ եւ դարձյալ նույնքան պարտություն կրել, որոնցից 2-ը վերջերս ավարտված «Եվրո-2008»-ի ընտրական փուլում: Ամեն դեպքում այս հանդիպումներում Հայաստանը վատ տպավորություն չթողեց եւ կարող էր նաեւ այլ արդյունքի հասնել: Որոշ չափով ծանոթ է նաեւ Էստոնիայի հավաքականը, որի հետ Հայաստանը 2 ընկերական հանդիպում է անցկացրել: 1-ին մեր թիմը հաղթել է 2-րդում պարտվել:

Հանելուկ է միայն Բոսնիան եւ Հերցեգովինան: Այս հավաքականը իր կազմում ունի մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս եվրոպական առաջատար ակումբներում, սակայն բոսնիացիները չեն կարողանում կայուն խաղ ցուցադրել: Բոսնիան կարող է սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել թուրքերին, սակայն որոշ ժամանակ անց 0:1 հաշվով պարտվել է Մոլդովային: Այս առումով Բոսնիան եւ Հերցեգովինան Հայաստանի կրկնօրինակն են, քանի որ հայ ֆուտբոլիստները, հաջող հանդես գալով Լեհաստանի, Պորտուգալիայի եւ Սերբիայի պես հզոր հավաքականների դեմ, հանկարծ պարտվեցին համեստ Ղազախստանին: