Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱՄԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ

Քաղաքականություն

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր կուսակիցներով, այլեւս շարքային ռամկավար է: Այսօր համագումարը որոշեց «Դաշինք» կուսակցությունը վերակազմավորել ՀՌԱԿ-ում:

Սամվել Բաբայանն լրագրողների հետ զրույցում գրեթե անհնար համարեց ՀՀ Առաջին նախագահին պաշտպանելու հնարավորությունը, փոխարենը չբացառեց Սերժ Սարգսյանին սատարելու ՀՌԱԿ-ի հնարավոր որոշումը. «Եթե 1997-ին մենք եղել ենք տարբեր բեւեռներում եւ Ղարաբաղի հարցում մենք համաձայնության չենք եկել, եթե ես վաղը կանգնեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, ինքն ունենալով նույն հայացքները, ու հայտարարում է, որ ինքը չի փոխել իր հայացքները, դուք, որպես ազգային եք համարում, հերոս եք համարում, չգիտեմ ինչ եք համարում, ո՞նց եք նայելու ինձ: Ինչով եմ ես մեկնաբանելու ձեզ, հենց ձեզ առաջին հերթին: Ոչ մի ձեւի մեկնաբանություն չկա, դա կլինի գաղափարի դավաճանություն, կառչել իշխանությանը, ամեն գնով փորձել ինչ որ միավորումներ ստեղծել: Ես դա չեմ անի:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր հայացքների փոփոխության մասին, կոնկրետ ազգային հարցում, այդ ժամանակ կմտածենք»,- ասաց Սամվել Բաբայանը: Տեր-Պետրոսյանին չսատարելու նրա մոտիվացիան ղարաբաղյան խնդիրն է, իսկ եթե Ղարաբաղյան խնդրի լուծման Սերժ Սարգսյանի պատկերացումը համընկնի իր հետ Բաբայանը կպաշտպանի՞ նրան` հարցին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. «Ցանկացած մեկին, որը մեր ծրագրերին համահունչ կլինի եւ համագումարը մեզ կլիազորի կանգնել նրա կողքին` կկանգնենք: Դա որոշելու է համագումարը` հունվարին: Սամվել Բաբայանը դիկտատոր չի իրականության մեջ, այո, վերցնենք ու կանգնենք Սերժ Սարգսյանի կողքին, եթե համագումարը կորոշի»,- հայտարարեց ռամկավար Սամվել Բաբայանը: Ու չնայած ինքն առաջնորդվումէ հենց Ղարաբաղի խնդրում թեկնածխուների ունեցած դիրքորոշումներով, այնուամենայնիվ, դեմ է, որ Ղարաբաղի հարցը դառնա Հայաստանի նախագահի ընտրության ժամանակ շահարկման առարկա: Բաբայանն ընդհանրապես կարծում է, որ ով էլ դառնա Հայաստանի նախագահ, միեւնույն է` միայնակ կամ հինգ հոգով, չի կարողանալու լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ դա պետք է լուծի ամբողջ ժողովուրդը: Ըստ Սամվել Բաբայանի, հաղթանակը եղել է ազգովի եւ հարցն էլ պետք է լուծի ամբողջ ազգը: Ի դեպ, Սամվել Բաբայանը կոռեկտ չի համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ իշխանամետ մամուլն ու ինքը Սերժ Սարգսյանը փոքր ինչ աղավաղում են` «1993 թվականին Սերժ Սարգսյանը Ղարաբաղից արտաքսված էր Մոսկվա»: նախ Տեր-Պետրոսյանն ասել է ոչ թե աքսորված, այլ գործուղման մեջ է եղել, բայցեւայնպես, Սամվել Բաբայանը նկատում է.

«Իրականության հետ չի համապատասխանում այն, ինչ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է: Կփորձենք, ես մոտ ժամանակներս ավելի ազատ, ավելի կոնկրետ, ավելի փաստերով կներկայացնեմ իրականում ինչ է կատարվել եւ ոնց է եղել, եւ Սերժ Սարգսյանի գործուղումն ինչի հետ ուներ կապ: Հենց կապ ուներ, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական գործիչները եւ քաղաքական ղեկավարությունները կատարում էին հանցագործություն, Լեռնային Ղարաբաղում թույլ չտալով ազատագրելու տարածքները: Ես կնշեմ մարդկանց, անուն ազգանուններով, ում ինչ հրահանգներ են տվել, ինչ են արել, ինչ բանագնացներ են ուղարկել Ղարաբաղ, Զանգեզուր, չմասնակցելու համար»,- սպառնաց Սամվել բաբայանը եւ խոստացավ ավելի մանրամասն ասել, թե որ օդանավակայաններով Սերժ Սարգսյանը դրսից ինչ ապրանքներ է ուղարկել, «ինչով էր զբաղված, ինչ զինամթերք ենք ստացել, ովքեր են այդ զինամթերքը կանգնեցրել, որ ճանապարհին եւ ինչ են արել: Իսկ ինչ վերաբերում է մեկ տարվա բացակայությանը, ապա Սերժ Սարգսյանը Ղարաբաղից բացակայել է ուղիղ երեք ամիս` մայիսի վերջից մինչեւ օգոստոս: Դա առաջին, երկրորդը, Սերժ Սարգսյանի ստորագրությունն է դրած Լաչին-Քելբաջարյան օպերացիայի քարտեզի վերեւում, իսկ տակը ստորագրել եմ ես, որպես իրականացնող, ինքը` որպես նախարար: Կան փաստեր, փաստաթղթային, որ դա հայտարարություններով չէ: Չի կարելի Սամվել Բաբայանին ներկայացնել բոբոյի դերում: Կռիվ ունեն իրար հետ, խնդրեմ, թող կռվեն»,- ասաց Սամվել Բաբայանը:

Ի դեպ, Սամվել Բաբայանը նաեւ տեղեկացրեց, որ հանդիպել է ինչպես ՀՀ նախագահի, վարչապետի, այնպես էլ ընդդիմադիր լիդերների հետ: Բայց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում: