Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՏՐՈւԿ ՆԱՀԱՆՋԵՑ

Սպորտ

Քիչ առաջ ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 367 միավորով զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Նապորդ ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջել է 8 տեղով եւ ունեցել 33 միավորի կորուստ:

Այսպիսով 2007թ. Հայաստանը ավարտեց 90-րդ հորիզոնականում: Եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, ապա հայ ֆուտբոլիստները առաջադիմել են միանգամից 33 աստիճանով, սակայն միաժամանակ հունիսին հրապարակած աղյուսակի համեմատ արձանագրվել է նահանջ 11 հորիզոնականով:

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային այղուսակում ամենաբարձր տեղում տարին եզրափակել է 1999թ., երբ «Եվրո-2000»-ի ընտրական փուլի ավարտից հետո Սուրեն Բարսեղյանի գլխավորած հավաքականը 85-րդն էր աշխարհում: Ընդհանրապես` Հայաստանի համար ամենաբարձր հորիզոնականը եղել է 79-րդ տեղը: Նման ցուցանիշ գրանցվել է 2 անգամ: Նախ 2000թ. սեպտեմբերին, երբ Վարուժան Սուքիասյանի սաները հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեցին Նորվեգիայի հետ մրցավեճը, ապա 2007թ. հունիսին, երբ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանը 2 անընդմեջ հաղթանակ տոնեց` պարտության մատնելով Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքականներին:

ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկների շարքում Հայաստանը 41-րդ տեղում է:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որը թեեւ օրերս պարտվեց Կոլումբիային, սակայն պահպանում է 1-ին հորիզոնականը: Արգենտինացիներին հաջորդում են բրազիլացիները: Աշխարհի չեմպիոն Իտալիան եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանի հավաքականին չորեքշաբթի օրը հաղթելուց հետո Ղազախստանի հավաքականը առաջադիմել է 12 տեղով եւ այժմ 110-րդն է: Վրաստանի հավաքականը լիտվացիներից կրած պարտությունից հետո 6 աստիճանով նահանջել է եւ այժմ 77-րդն է: Նահանջել է նաեւ Ադրբեջանը, որը գտնվում է 118-րդ տեղում: