Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ, ԱՆՀԱՋՈՂ ԱՎԱՐՏ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ելույթները «Եվրո-2008»-ի ընտրական փուլում կարելի է բաժանել 3 մասի. անհաջող սկիզբ, հաջող միջնամաս եւ խիստ անհաջող ավարտ:

Անհաջող սկզիբը դա 1-ին 5 հանդիպմներն էին, որոնցում մեր թիմը չխփեց ոչ մի գնդակ եւ վաստակեց ընդամենը 1 միավոր: Հաջող միջնամասը 4 անպարտելի հանդիպումներն էին, որոնց ընթացքում Հայաստանի հավաքականը 2 հաղթանակ տոնեց եւ 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Անհաջող ավարտ դա վերջին 3 խաղերում «չոր» հաշիվներով կրած պարտություններն էին: Քանի որ նախորդ ելույթների մասին արդեն շատ է խոսվել, անդրադառնանք վերջին անհաջողություններին, իսկ ավելի կոնկրետ Ղազախստանից կրած պարտությանը:

Պարտությունը իրոք անակնկալ էր մեր ֆուտբոլային հասարակության համար, սակայն եթե սառը դատենք, ապա այն տրամաբանական էր եւ կանխատեսելի: Հանդիպումից առաջ նրանք, ովքեր համարձակվում էին խոսել Հայաստանի հավաքականի անհաջողության մասին կշտամբանքի էին արժանանում եւ դա բնական է, սակայն անհաջողության մասին կանխատեսումները օդից չէին հայտնվել: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականում պարզապես գոլ խփող չկա: Որքան էլ կոպիտ հնչի ասված դա փաստ է: Ողջ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 4 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: Ընդ որում այդ 4 գնդակներից 3-ը խփել են պաշտպանները, իսկ եւս 1-ը` կիսապաշտպանը: Դեռ ավելին այդ 3 գոլերը էլ խփվել են ստանդարտ դիրքերի խաղարկումից, իսկ եւս 1-ը` 11 մետրանոցից: Մի խոսքով խաղային դրվագներից Հայաստանի հավաքականը 12 խաղ անընդմեջ գոլ չի խփել: Նման ցածր արդյունավետությամբ Եվրոպայում աչքի են ընկել միայն Անդորրայի, Ֆարերների, Լյուքսեմբուրգի եւ Սան Մարինոյի սիրողական մակարդակ ունեցող հավաքաները:

Ղազախստանի հետ հանդիպումից առաջ շատերին հենց սա էր հուզում, թե ով է գոլ խփելու: Ո՞վ կարող է դա անել, եթե հավաքականի հիմնական կազմում չեն ընդգրկվում «մաքուր» հարձակվողներ: Նման իրավիճակներում հույսը կրկին կիսապաշտպաններն եւ պաշտպաններն են, որոնք այս մրցավեճում պետք է դրսեւորեին բարձր պրոֆեսիոնալիզմ եւ ամենակարեւորը լինեին ունիվերսալ: Իսկ ավելի կոպիտ ասած մեր հույսը պատահականությունն էր:

Ի տարբերություն հարձակվողների` ուրախացրեցին պաշտպանները: 12 խաղում մեր թիմի դարպասը խփվեց 13 գնդակ: Միջին մեկ խաղում 1.1 գնդակ: Նման ամուր պաշտպանությամբ Հայաստան դեռ երբեք աչքի չէր ընկել, սակայն պաշտպանների հուսալի խաղը «ջուրն են գցում» առջեւի գծում հանդես եկողները: Եթե Հայաստանը ընդունած 13 գոլերի դիմաց նույնքան գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը, ապա ընտրական Ա խմբում այսօր Հայաստանին մենք կտեսնեինք ոչ թե 7-րդ հորիզոնականում այլեւ առնվազն 5-րդ տեղում, իսկ նոյեմբերի 25-ին կայանալիք Աշխարհի առաջնության վիճահանությանը մենք արդեն կմասնակցեինք 4-րդ զամբյուղից եւ բավական նպաստավոր մրցակիցներ կստանանք, որը թույլ կտար հաջորդ ընտրական փուլում պայքարել բարձր արդյունքների համար: