Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԳՆԱԾ ԷԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը Ղազախստանի կրած պարտությունը պատճառաբանում է ֆուտբոլիստների մոտ առկա հոգնածությամբ. «Մեզ մոտ մտավախություն կար, որ Պորտուգալիայի հետ ծանր հանդիպումից եւ ծանր ճանապարհորդությունից հետո հետո տղաները չեն վերականգնվի: Չնայած նրան, որ արեցինք հնարավորը, այնուամենայնիվ հոգնածությունը արեց իր գործը: Սա պարտության միակ պատճառն է, որ տղաների մոտ թարմություն չկար եւ չհասցրին վերականգնել»:

Ըստ մարզչի հարձակման գծում ընդգրկված Սամվել Մելքոնյանին կարող էր փոխարինել միայն Էդգար Մանուչարյանը, որը սակայն իրենց չարդարացրեց. «Սակայն «Այաքսի» բժիշկները մեզ հայտնել էին, որ նա առայժմ 30 րոպեից ավել չի կարող խաղալ: Մենք այդպես էլ պայմանավորվել էինք, եւ ինքներդ տեսաք, որ նույնիսկ 30 րոպե չկարողացավ խաղալ»:

Մինասյանը չբացառեց նաեւ, որ մեր թիմը անհաջողության մատնվեց մրցակցին թերագնահատվելու պատճառով. «Մենք ձգտում էինք հաղթանակի, չնայած տղաներին ես զգուշացրել էի, որ հետեւ գծում շատ ուշադիր խաղան: Եւ նորից եմ կրկնում մենք այդ անուշադրության պատճառով գոլ բաց թողեցինք: Համենայնդեպս ես տղաներից շնորհակալ եմ, որովհետեւ կողքից այն նկատեցինք, որ խաղադաշտում անտարբեր մարդ չկար: Ուղղակի իրոք իրենց ֆիզիկական ուժը այսօր չհերիքեց»:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Առնո Պայպերսը գտնում է, որ իր սաները արժանի էին հաղթանակին եւ այստեղ ոչ մի կապ չունի այն հանգամանքը, որ ի տարբերություն Հայաստանի, Ղազախստանը հանգստայան օրերին ծանր հանդիպում չէր անցկացրել. «Ընտրական փուլում եղել է, որ մենք իրար վրա 2 հանդիպում ենք անցկացրել, իսկ մրցակիցը մինչ այդ հանգստացել է»: Ըստ հոլանդացի մասնագետի` իրենք շատ լավ գիտեին, որ հնարավորություն կունենան հակագրոհի ժամանակ գոլ խփելու. «Խաղասկզբում մենք ամեն ինչ արեցին գոլ չընդունելու համար եւ գիտեինք, որ առջեւի գծում կունենանք լավ հնարավորություն դարպասը գրավելու համար: Այդ հնարավորությունը եղավ 2-րդ կեսում: Խփած գոլը վստահություն հաղորդեց մեզ»: