Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՋՈՂ ՎԵՐՋԱԲԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Եվրո-2008»-ի ընտրական փուլի վերջին խաղում 0:1 հաշվով զիջեց Ղազախստանի հավաքականին: Այս պարտությունից հետո հայ ֆուտբոլիստները ընտրական Ա խմբում գրավեցին ընդամենը 7-րդ հորիզոնականը` իրենցից առաջ թողնելով նաեւ Ղազախստանին:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումից առաջ ֆավորիտ էր համարվում Հայաստանը, որը սեփական հարկի տակ բավական վստահ է հանդես գալիս: Սակայն, հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը ամենեւին էլ ուժեղ չէր մրցակցից, որը մինչ այս հյուրընկալվելիս հաղթանակ չէր տոնել:

Խաղասկզբում առավելություն ունեին հայ ֆուտբոլիստները, որոնք փորձում էին արագ գոլ խփել, սակայն ինչպես միշտ կաղում էր մեր թիմի հարձակման գիծը, որը այս խաղում այդպես էլ ոչնչով աչքի չընկավ: Չէին փայլում նաեւ ղազախները, սակայն 64-րդ րոպեին Օստապենկոն, ձախ եզրում օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների անհաջող խաղից, մեն-մենակ հայտնվեց Ռոման Բերեզովսկու դեմ եւ հանգիստ գրավեց դարպասը: Ընդունած գոլից հետո Հայաստանի ընտրանին մեծ ուժերով նետվեց առաջ խաղը փրկելու համար, որի արդյունքում պաշտպանությունում նոր ճեղքեր առաջացան, որոնցից կարող էր օգտվել մրցակիցը:

Հանդիպումը ավարտվեց 0:1 հաշվով եւ մարզադաշտ եկած հանդիսականները խորը հիասթափություն ապրեցին, քանի որ նույնիսկ ոչ-ոքին այս խաղում մեր թիմի համար դիտվում էր որպես անհաջողություն, իսկ պարտությունը մթագնեց նախորդ հանդիպումներում ձեռք բերված հաջողությունները:

Հ.Գ. Երբ 2-րդ կեսի սկզբում հաղորդավարը հայտնեց, որ հանդիպմանը ներկա է Հայաստանի հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Հանրապետկանում» գտնվող մոտ 8 հազար ֆուտբոլասերների մի մասը սկսեց սուլել: