Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԵԼՈւ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ

Սպորտ

Ընդամենը մի քանի ժամից ֆրանսիացի մրցավար Ֆաուտրելի սուլիչը կազդարարի Հայաստան-Ղազախստան «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպման մեկնարկը: Այն հայ ֆուտբոլիստների համար կլինի ընտրական վերջին հանդիպումը:

Ընթացիկ ընտրական փուլում հայ ֆուտբոլիստները անցկացրած 11 հանդիպումներում 2 հաղթանակ են տոնել եւ հնարավորություն ունեն եւս մեկ խաղում հաջողության հասնել, քանի որ մրցակիցը իր մակարդակով ավելի ցածր է: Պատահական չէ, որ Հայաստանը հունիսին 2-ին հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց ղազախներին:

Ամեն դեպքում Ղազախստանի հավաքականը ընտրական ընթացիկ փուլում մի քանի անակնկալներ է մատուցել եւ նրա հետ խաղում հաղթանակը երաշխավորված չէ: Մասնավորապես այս տարի մարտ ին ղազախները 2:1 հաշվով առավելության հասան Սերբիայի նկատմամբ: Շատերը հանդիպումից հետո նշեցին, թե դա պատահականություն է, սակայն փաստ է, որ սերբերը պարտվեցին եւ կորցրեցին շատ կարեւոր 3 միավոր: Մինչ այդ Ղազախստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:0 հաշվով էր ավարտել Բելգիայի հետ մրցավեճը: Նույն բելգիացիների հետ ղազախները 2:2 հաշվով ավարտեցին արդեն Ալմա - Աթայում կայացած հանդիպումը: Հայաստանի հավաքականը ամենամեծ հաղթաթուղթը այս խաղում սեփական հարկի տակ հանդես գալու գործոնն է: Հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ «Եվրո-2008»-ի շրջականերում անցկացրել են 5 հանդիպում, որոնցից ընդամենը մեկում են պարտվել` այն էլ 0:1 հաշվով: 3 խաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ եւս 1 մրցավեճում հաղթել են հայ ֆուտբոլիստները: Այս 5 հանդիպումների ընթացքում մրցակիցները Հայաստանի դարպասը գրավել են ընդամենը 2 անգամ: Սա բավական լուրջ արդյունք է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանը սեփական հարկի տակ շատ ավելի հզոր մրցակից է քան հյուրընկալվելիս:

Հավանական է, որ Հայաստանի հավաքականը այսօր խաղադաշտ դուրս գա հետեւյալ կազմով.

Դարպասապահ.

Ռոման Բերեզովսկի

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան

Կիսապաշտպաններ

Լեւոն Պաչաջյան, Արթուր Ոսկանյան, Արարատ Առաքելյան, Արտավազդ Քարամյան

Հարձակվողներ

Համլետ Մխիթարյան, Սամվել Մելքոնյան

Ընտրական վերջին հանդիպումներում սա Հայաստանի հավաքականի օպտիմալ կազմն է եւ քանի որ բոլոր այս ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են մրցավեճին, ուստի հավանական է, որ հենց նրանք դուրս կգան խաղադաշտ: Մի խոսքով` Հայաստանի հավաքականը հանդես կգա մարտական կազմով:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` այս հանդիպումը Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար կարող է լինել վերջինը: 33-ամյա դարպասապահը ցանկություն ունի ավարտել կարիերան հավաքականում եւ կենտրոնանալ ակումբային ելույթների վրա: