Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

OTE «ԿՈՏՐՎԵՑ»

Տնտեսություն

Այսօր ժամը 17 ի սահմաններում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացվել է այն մասին, որ հունական OTE ընկերության հանձնարարությամբ Հունաստանի առեւտրային բանկը ՀՀ բյուջե է փոխանցել 846 մլն 633 հազար դրամ :

Այսպիսով, փաստորեն ամբողջությամբ կատարվել է դատարանի վճիռը եւ այս պահին մարված է ՀՀ կառավարությանն OTE-ի ունեցած պարտքը: Նկատենք , որ այս գումարի մեջ մտնում են տույժ ու տուգանքները եւս: «Եթե OTE կատարեր իր պարտավորությունները ժամանակին , բավական գումար կտնտեսեր» ,- ասում է Արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը:

1999 թվականից մինչեւ 2001 թվականի հունիս OTE-ն պարտավոր էր ՀՀ կառավարությանը վճարել 968 հազար դոլար` այսինքն մոտ 542մլն դրամ , սակայն ստիպված եղավ ավելի քան 300 մլն դրամ ավել վճարել: Չմուծված յուրաքանչյուր օրվա դիմաց OTE-ից գանձվել է 530 ԱՄՆ դոլար: Այս քայլով, ըստ Սաղաթելյանի, ապացուցվեց , որ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորը:

Իսկ ինչո՞ւ OTE-ն չէր կատարում ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը: Գուցե պարզապես լուրջ չէի՞ն վերաբերում մեր դատական համակարգին: Ինչեւէ: OTE-ն մարեց նախկին պարտքը եւ նոյեմբերի 13 ին կայանալիք OTE-ի բաժնետոմսերի վաճառքը չի կայանա : Իսկ թե որքանով է կատարված մինչեւ այս տարեվերջ խոստացված 20 մլն դոլար ներդրումը, կպարզի ստուգող հանձնաժողովը:

Նոյեմբերի 6 ին ՀՀ կառավարությունը դիմել է OTE ձեռնարկության տնօրենի պաշտոնակատար Վասիլակիսին, առաջարկելով ապահովել պայմաններ ` ստուգող հանձնաժողովի աշխատանքը ապահովելու համար: Այդ հանձնաժողովը կուսամնասիրի OTE-ի վերջին մեկ տարվա ֆինանսական գործունեությունը:

Մինչ ասուլիսի սկսվելն, ի դեպ, Արա Սաղաթելյանը կատակեց . «Բանակի օրենքով ենք շարժվելու. մուծեց..., ու միշտ պիտի մուծի»: