Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ը ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Քաղաքականություն

«Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգման, ազգային պահանջատիրության եւ մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով` հայրենատիրության օր»,- այսօր «Ա1+»-ին ԱՄՆ-ից հայտնեց Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:

Նոյեմբերի 22-ն իբրեւ պահանջատիրության օր ընտրելը, պատահական չէ: Արա Պապյանը հիշեցրեց, որ 1920թ. հենց նոյեմբերի 22- ին կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (Arbitral Award) :

«Այդ օրը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հյուսիս-արեւելյան հատվածը: Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Հունաստանի, Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի` անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա եւ ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է վերոհիշյալ երկրների կամ նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի եւ ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից»,- հիշեցրեց Արա Պապյանը:

Ի դեպ, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի համաձայն, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող բոլոր երկրների համար պարտավորություն է: Հիմք ընդունելով այս փաստը` Արա Պապյանը կարծում է. «Մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը եւ դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված եւ, մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն»: Նրա կարծիքով` ամեն տարի ապրիլ 24-ին մեր անմեղ զորերի հիշատակը ողբալուց բացի, այսուհետ մենք պետք է ունենանք նաեւ կորուստը հատուցելու օր:

«Որպես ազգ եւ որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա այդ օրը. նոյեմբերի 22-ը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց եւ մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրավական տեսանկյունից անբեկանելի է ու իրավունքների գոյության առումով անժամանցելի է»,- ասաց Արա Պապյանը: