Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի. ԿԼԵԲԱՆՈՎՆ ՈՒ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Տնտեսություն

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը այս տարի երկրորդ անգամ ստորագրեցին «գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը:
Ըստ պայմանավորվածության մոտ 100 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիամաց Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը:

Մայիսի 11-ին կնքված հանաձայնագրով նախատեսվում էր, որ հայկական ձեռնարկությունները ռուսներին կփոխանցվի մինչեւ 2002թ-ի դեկտեմբերի 31-ը: Նոր համաձայնագրով փոխանցման ժամկետը հետաձգվել է մինչեւ մարտի 31-ը:

«Գույք պարտքի դիմացը» ստորագրվեց ՌԴ վարչապետ Միախայիլ Կասյանովի այցի շրջանակներում:
Ստորագրման արարողությունից հետո Կասյանովը հայտարարեց. «Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում միանգամից 100 մլն դոլարով աճել են»: ՌԴ վարչապետը կատարված գործարքը գնահատում է փոխշահավետ:

«Փոխանցվող ձեռնարկությունների համար 100 մլն-ը ոչ քիչ է, ոչ էլ շատ: Մինչեւ համաձայանագիրը կնքելը մենք մեկուկես տարի ճշտել ենք մանրամասները», - նշել է ՌԴ վարչապետ Մ. Կասյանովը:

Համաձայնագրում նշվում է, որ ռուսական կողմը ապահովելու է նախկին հայկական ձեռնարկությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կատարվելու են նաեւ ներդրումներ: Ռուսական կողմն առայժմ չի որոշել, թե որ մասնավոր ձեռնարկություններն են կառավարելու նախկին հայկական ձեռնարկությունները:
Սակայն ըստ նախնական տեղեկությունների, Հրազդանի ՋԷԿ-ը կառավարելու է ՌԱՕԵԷՍ-ը, իսկ մյուս ձեռնարկությունները` ՌԴ Համակարգերի կառավարման ռուսական գործակալությունը: