Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՆՔՆ Է ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԻՐ ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ԱՐՁԱՆԸ»

Քաղաքականություն

«Վազգենն ավելի կենդանի է, քան շատ կենդանի մարդիկ, որոնք այսօր գործում են»,- համոզված է Վազգեն Սարգսյանի եղբայրը`«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա, ինչպես նաեւ պետական բարձրաստիճան շատ այրեր այսօր մասնակցում էին Վազգեն Սարգսյանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությանն նույնանուն փողոցում: «Ինքն իր անձեռակերտ արձանը կանգնեցրեց ազատագրված Արցախով, ազերիներից մաքրված Հայաստանով, վերջապես մեր ազգային հզոր բանակով, որով ես այսօր ապրում ու շնչում եմ, որի հաջողություններով հպարտանում եմ: Գիտեմ, որ մեր հզոր բանակը կա, որն ամենամեծ ձեռքբերումն է այս դժվարին տարիներին»,- կարծում է Վազգենի մայրը`Գրետա մայրիկը:

Կիսանդրու տեղադրման վայրը Գրետա մայրիկը խորհրդանշական համարեց, քանի որ Վազգեն Սարգսյանը շատ էր սիրում Հանրապետության հրապարակը եւ հաճախ էր մեքենայից իջնում ու ոտքով միայնակ զբոսնում հրապարակով:

Սպարապետի բրոնզաձույլ արձանը ստեղծվել է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով: Կիսանդրու Ճարտարապետը Ասլան Մխիթարյանն է, քանդակագործը` Տիգրան Հովումյանը, որն աշխատանքն ավարտել է երկու ամսվա ընթացքում:

«Վազգենի ամենահաջողված արձաններից մեկն է: Այն պատրաստելու ժամանակ քանդակագործը բազմաթիվ անգամներ այցելել է ինձ, միասին նայել ենք այն, խորհրդակցել: Ճարտարապետական լուծումները եւս հավանում եմ: Այդ առումով քանդակագործի եւ ճարտարապետի աշխատանքը ներդաշնակ է` իր փափկության, կոշտության մեջ»,- ասում է Արամ Սարգսյանը: Իսկ քանդակագործ Տիգրան Հովումյանը վստահեցնում է, որ ամեն ինչ արել է, որ քանդակն հաջողվի. «Կարեւորել եմ սպարապետի անհատականությունը, նրա ներքին ուժը: Ամեն ինչ արել եմ, որ կարողանամ այդ ամենը պարփակել քանդակի մեջ»:

Կիսանդրու բացմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կարծիքով` Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ու գործունեությամբ կարողացավ վերափոխել մեր մտածելակերպը, հավատը, կյանքը եւ այն նպատակաուղղել հայոց պետականության ձեւավորման սուրբ գաղափարին: «Իր գաղափարակիցների, զինակիցների ջանքերի շնորհիվ նա հայ ժողովրդին բանակ նվիրեց: Արցախյան ծանր պատերազմի օրհասական պահերին կարողացավ ոգու կամքով ու զենքով կռել հաղթանակը: Հայոց բանակն այսօր, հավատարիմ մնալով սպարապետի պատգամներին, պաշտպանում է հայրենիքի սահմանները` բանակաշինության ասպարեզում արձանագրելով լուրջ հաղթանակներ»,- խոսքում կարեւորեց Միքայել Հարությունյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգությանը` նա ընդգծեց, որ «մեր բանակը միշտ պատրաստ պետք է լինի թե արտաքին, թե ներքին թշնամիներին դիմակայելու համար, որ չկրկնվի հոկտեմբերի 27-ը»: Ըստ նրա` այդ օրն իրենց միշտ կհիշեցնի, որ պետք է միշտ մտահոգ լինել հայ ժողովրդի անվտանգության համար: «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ահաբեկչության դեմ պայքարին, որը նոր գործ է լինելու մեր զինված ուժերի համար: Համոզված եղեք` զինված ուժերը կկատարի բոլոր այն խնդիրները, որոնք կդրվեն նրա առջեւ»,- վստահեցրեց պաշտպանության նախարարը: ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը Վազգեն Սարգսյանին համարում է հայ ժողովրդի ռահվիրաններից մեկը, որը պատրաստ էր զոհվել ժողովրդի փառքի համար: «Նրա եղեռնական մահը, ոճրագործի այդ գնդակը, որ ութ տարի առաջ մեզ բաժանեց նրանից, դեռ չի նշանակում, որ նա այսօր մեզ հետ չէ: Այսօր մենք ընդունում ենք, որ նա արցախյան ազատագրական պայքարի, հայ ժողովրդի անկախության զոհն է»,- հայտարարեց Մյասնիկ Մալխասյանը:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը հանդես եկավ մի առաջարկությամբ. «Ուզում եմ պարտավորեցնել մեզ` արվեստի գործիչներիս, որ վաղուց ժամանակն է մեր գրականության մեջ, ժապավեններում, ֆիլմերում, բեմերում հայտվի այս մեծ հերոսի, ասպետի, սպարապետի իրական լեգենդը: Ինչու իրական, քանի որ նա իր լեգենդը ստեղծեց ոչ թեսերունդների երեւակայության շնորհիվ, այլ, իր գործով, արարքով, կենսագրությամբ»: