Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾՎԵՑԻՆ 4 ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԸ

Հասարակություն

Ամբաստանյալ էդիկ Գրիգորյանն այլեւս չի կարող ապացուցել, որ ինքը ԱԺ դահլիճում զենք չի կիրառել:

Հոկտեմբերի 27-ի գործով տուժող, ԱԺ պատգամավոր Գեւորգ Դավթյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իր ատրճանակը վերցրել, ամբողջ ընթացքում իր մոտ պահել եւ դատախազության աշխատակիցներին է հանձնել Էդիկ Գրիգորյանը : Տուժողը վստահ է սրանում, քանի որ, ըստ նրա, անընդհատ հետեւել է ամբաստանյալին, որ «հանկարծ այդ զենքով մարդ չսպանի»: Գեւորգ Դավթյանը նկատել է, որ ամբաստանյալը օդ է կրակել: Տուժողը հերքեց իր իսկ նախաքննական ցուցմունքը, որ «զենքերը հավաքելուց հետո կրակոցներ չեն եղել»: Նա խնդրեց, որ դատարանը հաշվի առնի իր այսօրվա դատաքննական ցուցմունքները: Ըստ տուժողի, իր ատրճանակում 7 փամփուշտ է եղել: Փորձաքննության արդյունքում , ատրճանակում հայտնաբերվել է ընդամենը երեքը:

Ի դեպ, ամբաստանյալ Նաիրի Հունանյանն այսօր փորձեց համոզել, որ «արծաթագույն, փոքրիկ ատրճանակն իր բաճկոնի ձախ գրպանում է եղել», ոչ թե Էդիկ Գրիգորյանի մոտ: Պատգամավորը դատարանին տեղեկացրեց, որ իր ատրճանակը դարչնագույն էր, ոչ թե սպիտակ:
Տուժողն այսօր դատարանում մի քանի այլ մանրամասներ էլ հիշեց: Ըստ նրա, Վազգեն Սարգսյանը , լսելով սայթաքելով դահլիճ մտած Կարեն Հունանյանի գոռոցը, ձեռքը տարել է գոտկատեղին, սակայն զենքն օգտագործել չի հասցրել:

ԱԺ պատգամավորն այսօր նաեւ կարծիք հայտնեց, որ հոկտեմբերի 27-ի զոհերից մի քանիսը սպանվել են պատահաբար: Նա ենթադրում է, որ Ռուբեն Միրոյանին միտումնավոր չեն սպանել, այլ վախից ` «միջանցքում աղմուկ լսելով»: Թեեւ նա համոզված է, որ ամբաստանյալները ԱԺ «եկել էին ծրագրով, որ մարդ սպանեին, իշխանություն վերցնեին»: Գեւորգ Դավթյանի կարծիքով, ծրագրված էր հատկապես Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը :