Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Տնտեսություն

Հայաստանի առայժմ գոյություն չունեցող արտաքին տնտեսական կապերի համակարգն այսօր քննարկվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում: 50 կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկում էին, թե ինչպիսին կարող է լինել դեռեւս հայեցակարգ չունեցող այս համակարգը: Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, եթե նույնիսկ այդ հայեցակարգն այսօր ներկայացվեր, միեւնույն է իրագործողներ չէին լինի: «Հայաստանում չկա արտաքին տնտեսական կապերը համակարգող պետական կառույց: Սա հարուցում է անգամ արտասահմանյան ներդրողների զարմանքը», - ասում է Թաթուլ Մանասերյանը:

Վիճակագրության համաձայն, Հայաստանում ներմուծման ծավալները երեք անգամ գերազանցում են արտահանման ծավալները: Այս ցուցանիշները մտահոգում են այսօրվա քննարկման մասնակիցներին: Ըստ նրանց, ներմուծման ծավալների ավելացումը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Օտարերկրյա ներդրումները եւս խոչընդոտում են մեր տնտեսության զարգացմանը,- համարում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Դրանք ներդրվում են քաղաքական նպատակներով, իսկ ներքին ներդրումների բացակայությունը միայն դրան է նպաստում ,- անհանգստանում են տնտեսագետները: «Հայասատանի արտաքին տնտեսական կապերի եւ տարածաշրջանային համագործակցության արդի խնդիրները» թեմայով քննարկման մասնակիցները համոզված են, որ բացի Եվրամիությունից այսօր չկա մի որեւէ այլ կառույց, որին անդամակցելը Հայաստանին ձեռնտու է: Իսկ արդյո՞ք մեր երկրին կանդամակցեն այս կառույցին , այդ արդեն այսօրվա քննարկվելիք թեմա չէր: