Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՏՂԱՏՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 9 ԱՄՍՎԱ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Տնտեսություն

Հակառակ բոլոր նրանց, ովքեր չեն հավատում Հայաստանի տնտեսության զարգացման փաստին, ՀՀ արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարն այսօր հայտարարեց. այս տարվա 9 ամիսների ընթացքում արդյունաբերական աճը էներգետիկայի հետ միասին կազմել է 111 տոկոս:

«ՈՒղղակի զգացվում է ոչ միայն տնտեսության տեմպերի աճ, այլեւ հավելաճի տեմպերի ավելացում: Այսինքն` նախորդ տարվա աճի վրա այս տարվա աճերն ավելի բարձր են» , - ասում է ՀՀ արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Թերահավատների վերաբերյալ Կարեն Ճշմարիտյանն արտահայտվեց, որ «մարդը տեսնում է այն ինչ ուզում է»: Սակայն տնտեսական աննախադեպ աճերի մասին խոսելիս ինքն իրեն այդ մարդկանց շարքին չի դասում, քանի որ ըստ իրեն փորձում է նաեւ թերությունների մասին խոսել: Այդպես օրինակ նախարարը «խոստովանեց», որ Հայաստանի քիմիական ոլորտի զարգացումը դեռեւս բավարար չէ: Այդքանով էլ թերությունների թվարկումն ավարտվեց, քանի որ ներկայացված թվերի համաձայն մնացած բոլոր ոլորտներում նկատելի են դրական տեղաշարժեր:

Անցյալ տարվա համեմատությամբ տուրիզմն աճել է մոտ 25 տոկոսով, աճել են արտահանման ծավալները, 8 տոկոսով նվազել է պաշտոնական գործազուրկների թիվը, աշխատատեղերն էլ, ինչպես եւ սպասվում էր, ավելացել են:

«Մեր գնահատականներով դա կազմում է 27-32 000 մարդ: Փաստորեն մենք 100 տոկոսով կատարում ենք պետական բյուջեն», - հայտարարում է նախարարը:

Նախընտրական շրջանում նմանատիպ թվերի հրապարակումը, բացի տնտեսության զարգացման փաստն արձանագրելուց, անշուշտ հետապնդում է նաեւ այլ նպատակներ: Արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարը ուղղակիորեն քարոզչություն իրականացրեց, ինչն ակնհայտ ցույց տվեց, որ այս նախարարը միգուցե լավատեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվում Հանրապետության քաղաքական դաշտում: Նա հատուկ նշեց, որ զարգացմանը նպաստում է քաղաքական ուժերի դասավորվածությունը եւ հատկապես «Հանրապետական» կուսակցության գործունեությունը. «Երկրում քաղաքական ներքին կայունությունն է, որն ապահովվում է Հանրապետության նախագահի վարած քաղաքականության միջոցով, ՀՀ կառավարության եւ ԱԺ աշխատանքով, ներդաշնակ աշխատանքով»:

Ի դեպ, բացի այս քարոզչությունը լսելուց, լրագրողները նաեւ այն լուրերի հաստատումը ստացան, որոնց համաձայն ՀՀ կառավարությունը պատրաստվում է վաճառել նաեւ նախկին «Կանազ», իակ այժմ «Արմենալ» գործարանի վերջին 26,4 տոկոս պետական բաժներոմսերը: