Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՆՈԿԱՈւՏՈւՄ

Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի հաղթարշավը կասեցվեց: IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնը, երեկ ԱՄՆ-ում հանդիպելով Նոնիտո Դոների հետ, պարտություն կրեց. 5-րդ ռաունդում մրցակիցը Դարչինյանին նոկաուտի ենթարկեց:

Մրցամարտից առաջ բացահայտ ֆավորիտ էր համարվում Ավստրալիայի դրոշի ներքո հանդես եկող Վախթանգը, որը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում պարտություն չէր կրել: Իսկ ահա Նոնիտո Դոները բռնցքամարտի սիրահարների համար անհայտ մարզիկ էր: Հայտնի էր միայն, որ Նոնիտո Դոները ժամանակին Դարչինյանից պարտության կրած Գլեն Դոների փոքր եղբայրն է: 2006թ. հոկտեմբերին Դարչինյանը տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել Գլեն Դոներին, որը ռինգը լքել էր ծնոտի ջարդվածքով: Այս պարտությունը խորը ազդեցություն էր ունեցել կրտսեր Դոների վրա, որը սկսել էր նախապատրաստվել Վախթանգից վրեժ լուծելու համար:

Ինչպես ցույց տվեց հանդիպումը Նոնիտոյին լավ էր նախապատրաստվել եւ մեծ անակնկալ մատուցեց: Արդեն սկզբնամասում ֆիլիպինցի մարզիկը հավասար պայքար էր մղում, իսկ ուժգին դիպուկ հարվածով Դարչինյանին ենթարկեց նոկաուտի: 4-րդ ռաունդից հետո 3 մրցավարներից 2-ի մոտ հաշիվը 38:38 էր, իսկ 3-րդի մոտ` 40:36 օգուտ Դոների: