Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՆԱՄՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏԱՆԻ ՍԱՆԵՐԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ձախողվեց «Չեռնոմորյան առաջին խաղերում»: Արդեն տեղեկացրել էինք, որ մեր թիմը 0:2 հաշվով զիջել էր Մոլդովային, 0:4 հաշվով` Ռուսաստանին եւ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը Ադրբեջանի հետ:

Երեք խաղ, ոչ մի գոլ, ընդամենը մեկ միավոր: Նման արդյունք կարող էր ցույց տալ Երեւանի ցանկացած թաղամասից հավաքաված «քուչի» թիմ: Այն, որ մեր պատանեկան հավաքականը թույլ էր, մենք տեղյակ էինք նաեւ մինչեւ «Չեռնորմորյան խաղերը», սակայն սպասելիքներ կային եւ այդ մասին վստահեցնում էին նաեւ հավաքականի ներկայացուցիչները: Հայտնի է, որ մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը մարզում է նաեւ «Պատանի» ակումբը, որտեղ հիմնականում հանդես են գալիս 16-17 տարեկան պատանիներ:

Այս թիմը ստեղծվել է հատուկ պատանեկան հավաքականը ուժեղացնելու համար եւ ելույթ է ունենում առաջին խմբի առաջնությունում: Փաստորեն, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները հնարավորություն ունեն գրեթե ամեն օր մարզվել միմյանց հետ եւ շաբաթական գոնե մեկ պաշտոնական հանդիպում անցկացնել:

Սա պետք է լուրջ առավելություն տար նրանց մյուս մրցակիցների հետ, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձեւ է, որտեղ ֆուտբոլիստների միջեւ առկա խաղակցվածությունը շատ կարեւոր հանգամանք է: Բացի այս` Սանամյանը պետք է ավելի լուրջ մոտենար իր գործին, քանի որ Տրապիզոնում հանդիպում էր սպասվում Ադրբեջանի հետ: Կարելի է վերջապես հաղթել ադրբեջանցիներին, որոնք նախկինում 2 անգամ հաջողության են հասել Հայաստանի պատանեկան հավաքանների նկատմամբ: