Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈւԹՅՈւՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացավ 11-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը: Սկզբունքային այս մրցավեճում 4:3 հաշվով առավելության հասան «Արարատի» ֆուտբոլիստները: Խաղից առաջ քչերը կարող էին ենթադրել, որ հանդիպումը կընթանա նման գոլառատ պայքարում, առավել եւս, որ 1-ին կեսում արձանագրվեց ընդամենը 1 դարպասի գրավում. 32-րդ րոպեին «Արարատի» դարպասին նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը:

2-րդ կեսի 5-րդ րոպեին փայլեց «Արարատի» բրազիլացի լեգեոներ Մարկոսը, որը շրջանցելով մրցակցի 3 պաշտպաններին մեն-մենակ դուրս եկավ «Փյունիկի» դարպասապահ Գուրգեն Մելիքսեթյանի դեմ եւ հավասարեցրեց հաշիվը:

Ընդամենը 7 րոպե անց փոխարինման մտած Արսեն Ավետիսյանը կրկին առաջ մղեց «Փյունիկին»: 63-րդ րոպեին նույն Մարկոսին հաջողվեց խփել պատասպան գնդակը, իսկ 68-րդ րոպեին «Արարատը» մնաց 10 հոգով, քանի որ 2-րդ զգուշացման պատճառով խաղադաշտից հեռացվեց Արթուր Պետրոսյանը:

Օգտվելով քանակական առավելությունից «Փյունիկը» ավելի մեծ ուժերով նետվեց առաջ եւ 75-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանի փոխանցումից հետո Արսեն Ավետիսյանը կրկին դարձավ գոլի հեղինակ: Թվում էր, նման իրավիճակում «Փյունիկը» կզարգացնի հաջողությունը, սակայն տեղի ունեցավ անսպասելին: 10 հոգով հանդես եկող «Արարատը» նախ 78-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը. աչքի ընկավ Հարություն Հովհաննիսյանը: Խաղավարտից 2 րոպե առաջ «Արարատի» պաշտպան Վահե Մեհրաբյանը հեռահար դիպուկ հարվածքով հաղթանակ պարգեւեց իր թիմին: Նման լարված եւ դրամատիկ խաղ վերջին տարիներին Հայաստանի առաջնությունում չէր եղել: «Հանրապետական» մարզադաշտ եկած 2.000 հանդիսականները բացի 7 գոլի ականատեսը լինելուց, մեծ բավականություն ստացան թիմերի ցուցադրած խաղից: Այս հանդիպումը ցույց տվեց, որ մեր առաջնությունում եւս լինում են գեղեցիկ եւ հետաքրքիր հանդիպումներ, անկանխատեսելի սցենարով: