Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԵՃ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 11-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը: Կհանդիպեն առաջատարները` «Փյունիկը» եւ «Արարատը»:

Սա թերեւս ընթացիկ առաջնության ամենակենտրոնական հանդիպումն է, եթե ոչ ամենակենտրոնականը: Հանդիպելու են 2 թիմեր, որոնք իրենց խաղով զգալիորեն առանձնանում են մյուս 6 մասնակիցներից:

Ինչպես հայտնի է այս խաղը հետաձգվել էր այն պատճառով, որ «Արարատը» մասնակցում էր Ինտերտոտոյի գավաթի խաղարկության 1-ին փուլին, ուստի թիմի ֆուտբոլիստները ֆիզիկապես չէին կարող մասնակցել թե առաջանությանը, թե եվրոպական ստուգատեսին:

Մինչ «Արարատը» մասնակցում էր Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը «Փյունիկը» հերթական 2 միավորը վաստակեց` 12-րդ տուրում 1:0 հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: Այս հաղթանակից հետո «Փյունիկի» ֆուտբոլիստները արդեն 27 միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» իր ակտիվում ունի 22 հանդիպում, բացի այդ` մեկ հանդիպում քիչ է անցկացրել` քան առաջատարը:

Այս մրցավեճում հաղթելու դեպքում «Փյունիկը» կարող միավորների տարբերությունը հասցնել 8-ի: Սակայն «Արարատը» այժմ վերելքում է եւ կողմերի հաղթելու հնարավորությունը այս խաղում կարելի է հավասար համարել: Բնականաբար «Արարատի» գլխավոր զենքը այս խաղում ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելին է, որը գտնվում է փայլուն մարզավիճակում: Մասնագետների կարծիքով այսպիսի ֆուտբոլիստ Հայաստանի առաջնություններում դեռ հանդես չի եկել:

Ավելացնենք, որ հանդիպումը սկսվելու է վաղը, ժամը 19:00-ին: