Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈւՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՄԼԵՏԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի փորձառու ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը վերջին 6 ամիսների ընթացքում հանդես էր գալիս Իրանի «Պաս» թիմում, սակայն արդեն 1 ամիս է Հայաստանում է եւ ելույթ է ունենում իր նախկին թիմում` «Փյունիկում»: «Ա1+»-ի հետ զրույցում Մխիթարյանը նախ պատմեց, թե ինչպես է կրկին հայտնվել Երեւանում:

-Իրանի առաջնությունը, որտեղ ես հանդես եմ գալիս արդեն ավարտվել է եւ ինձ արձակուրդ են տվել: Դեռեւս մինչեւ Իրան մեկնելը պայմանավորվածություն կար «Փյունիկի» հետ, որ ամռանը հանդես եմ գալու Չեմպիոնների լիգայում: Բացի այդ հնարավորություն է ընձեռնվում պահպանել մարզավիճակս, իսկ Չեմպիոնների լիգայում ելույթներս ավարտելուց հետո կվերադառնամ Իրան:

-Ընդամենը 15 օրից մեկնարկում է Չեմպիոնների լիգայի հերթական փուլը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այ տարվա խաղարկությունից:

-Նախ առաջադրանք է դրված թիմի առջեւ հաղահարել առաջին փուլի արգելքը, որից հետո կմտածենք մյուս մրցակցի մասին(հաջորդ մրցակիցը ուկրաինական «Շախտյորն» է - խմբ.)

-Առաջին փուլում «Փյունիկի» մրցակիցը իռլանդական «Դերի Սիթին»: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ վիճակահանությունը բարեհաջող է մեզ համար:

-Այժմ մեր մարզչական շտաբը տեղեկություններ է հավաքում մրցակցի մասին: Ամբողջական կարծիք «Դերի Սիթիի» մասին կկազմենք խաղից 5-10 օր առաջ: Իսկ այժմ տեղյակ ենք միայն, որ նրանք Իռլանդիայի նախորդ առաջնությունում 2-ին տեղն է գրավել եւ Չեմպիոնների լիգայում հանդես է գալու միայն նրա համար, որ չեմպիոն թիմը չի հասցրել լիցենզավորվել: Այժմ էլ Իռլանդիայի առաջնությունում ընթանում են 8-րդ տեղում: Կարծում եմ «Դերի Սիթիի» հետ մրցելը վատ տարբերակ չէ «Փյունիկի» համար:

-Հայաստանի առաջնության 12-րդ տուրում առաջին գոլը խփեցիք վերադարձից հետո` գրավելով Կապանի «Գանձասարի» դարպասը:

-Այս մրցավեճի առաջին կեսին չմասնակցեցի: Կապանում միշտ էլ բարդ է հաղթելը: Նախ երկար ճանապարհ ենք անցնում, բացի այդ թիմը շատ լավն է եւ կարող է լավ արդյունքի համար պայքարել: 2-րդ կեսում փոխարինման մտնելով` արագ գոլ խփեցի եւ կարողացա իմ թիմին օգնել:

-Հայաստան - Լեհաստան մրցավեճում խփած Ձեր միակ գոլի մասին դեռ խոսում են եւ կխոսեն: Ի՞նչ տեղ է գրավում այն Ձեր կարիերայում:

-Իհարկե, շատ ուրախ եմ, որ խփել եմ այդ գոլը, բայց ավելի շատ ուրախ եմ, որ մեր հավաքականը հաղթել է:

-Ընտրական Ա խմբում Հայաստանի հավաքականը դեռ 7 հանդիպում պետք է անցկացներ, սակայն Ադրբեջանի հետ հանդիպումները չեղյալ համարելուց հետո մնած ընդամենը 5 խաղ:

-Տեսականորեն մենք հնարավորություն ունեինք դուրս գալ խմբից: Միգուցե ոմանք մտածեն, թե Լեհաստանի հանդիպումից ոգեւորված եմ ասում, բայց ոչ: Ադրբեջանի հետ հանդիպումները չեղյալ հայտարարելը մեզ վնասեց: Այդ հադիպումների հետ միասին մենք, եթե խմբից դուրս չգայինք, ապա կարող էինք բարձր տեղ գրավել եւ հաջորդ տարի կայանալիք ընտրական վիճակահանության ժամանակ լինեինք ուժեղների զամբյուղում: Ամեն դեպքում պետք է պայքարենք: Այժմ հավասար միավորներ ունենք Բելգիային եւ պետք է փորձենք շրջանցել նրանց:

-Համլետ , դուք հանդես եք եկել Ղազախստանում, Բելառուսում, Լիբանանում, Իրանում եւ իհարկե Հայաստանում: Կարո՞ղ ենք զուգահեռներ անցկացնել այս երկրների միջեւ:

-Յուրաքանչյուր երկրում ֆուտբոլը ուներ իր առանձնահատկությունները: Օրինակ` Իրանում մեծ ուշադրություն են դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը: Լիբանանում ավելի շատ տեխնիկական պատրաստվածությունն էր կարեւոր: Բելառուսում պատկերը այլ էր: Տարբեր առաջնություններ են եւ պարզապես պետք է կարողանաս տվյալ ժամանակահատվածում ճիշտ կողմնորոշվել: Բոլոր առաջնություններից էլ լավ հիշողություններ են մնացել: Բելառուսում, Լիբանանում եւ Ղազախստանում լավագույն ֆուտբոլիստ եմ ճանաչվել:

-Վերջին անգամ Հայաստանի առաջնությունում հանդես էիք եկել 2001թ., երբ եկույթ էիք ունենում «Արարատում»: Ի՞նչ փոփոխություններ ենք նկատում 6 տարի անց:

-Ուրախալին այն է, որ մասնակից 8 թիմերից 6-ը բավական ուժեղ են: Միայն մրցակցության դեպքում կունենանք ֆուտբոլի աճ: Շատ կարեւոր է նաեւ, որ գրեթե բոլոր թիմերը հնարավորություն ունեն արտասահմանցի ֆուտբոլիստներ ընդգրկեն իրենց կազմերում: Արդյունքը Ղազախստանի եւ Լեհաստանի հետ հանդիպումներն են, որոնցում Հայաստանի հավաքականում հանդես էին գալիս ընդամենը 4 լեգեոներներ, իսկ մնացածը տեղացիներ էին: Իսկ այդ 4 լեգեոներները մեկը ես էի, մյուս 3-ը Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը եւ Գեւորգ Կասպարովը, որոնք ինձ հետ միասին հանդես են գալիս Իրանում, սակայն այժմ ժամանել են Երեւանում եւ «Փյունիկին» կօգնեն Չեմպիոնների լիգայում: Տեղացի ֆուտբոլիստները արդեն արդյունք են ցույց տալիս եւ հայկական ֆուտբոլը կամաց-կամաց գնում է իր բարձունքին:

-Ֆուտբոլային վերջին հաջողություններից հետո ֆուտբոլասերների ուշադրությունը որքանո՞վ է մեծացել Ձեր հանդեպ:

- Թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս ես տեսել եմ լեփ-լեցուն տրիբունաներ, բայց Լեհաստանի հետ խաղում 90 րոպե ֆուտբոլասերները օգնեցին խաղացողներին եւ ես այդպիսի բան չէի տեսել: Նրանք ասես12-րդ ֆուտբոլիստն էին խաղադաշտում: Հուսով եմ` հետագայում էլ կլինի նման աջակցություն եւ վստահություն ֆուտբոլիստների նկատմամբ:

-Փաստորեն այս խաղը բեկումնային պետք է լինի հայկական ֆուտբոլի համար եւ պարտավորեցնող հետագա հանդիպումներից առաջ:

-Լեհաստանը շատ հզոր թիմ է եւ մեր խմբում առաջին տեղում է ընթանում` իր հետեւոմ թողնելով Պորտուգալիային: Այս խաղից շատ բան պետք է սովորեն նաեւ երիտասարդները: Մենք հաղթեցինք Լեհաստանին եւ այժմ այն անձինք, որոնց հետ ես շփվում են ասում են հետեւյալը. եթե դուք կարողանում ենք հաջող հանդես գալ լեհերի դեմ, ապա կարող եք նաեւ մյուս մրցակիցների հետ հավասար պայքար մղել: Այնպես պետք է անենք, որ ժողովուրդը մեզանից չհիասթափվի:

-Ձեր 2 որդիները եւս ֆուտբոլով են զբաղվում եւ ի՞նչ հեռանկար եք տեսնում նրանց համար:

-Այո, նրանք մարզվում են «Բանանցի» մարզադպրոցում: Ավագ որդիս 11 տարեկան է, կրտսերը` 9.5: Դեռ վաղ է խոսել նրանց կարիերայի մասին: Շատ կուզենայի, որ իրենց հորից լավ ֆուտբոլ խաղային: Միյան դա կարող եմ ցանկանալ նրանց:

Զրուցեց Արթուր Նազարյանը: