Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂԻՆՁ»

Տնտեսություն

Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտն ամբողջությամբ աստիճանաբար փորձում է գրավել մեկ ընկերություն, որն իշխանությունների աջակցության շնորհիվ նախաձեռնել է «Հայկական պղինձ» երկարամյա ծրագրի իրականացում:

Ծրագիրը սկսեց նրանից, որ 5 տարի առաջ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը վաճառվեց Ռուսաստանում իր բիզնեսով զբաղվող Վալերի Մեջլումյանին: Այդ օրվանից մինչ օրս նրա ղեկավարման տակ անցավ եւս 2 ընկերություն, որոնցից մեկը գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Այդ ձեռնարկություններն այսօր միասնաբար գործում են «Բեյզ Մեթըլս» ընկերության շրջանակում:

Ընկերության «Հայկական պղինձ» ծրագրով մասնավորապես նախատեսվում է Հայաստանի առաջին հերթին հյուսիսում նոր հանքավայրերի մշակում, տարածաշրջանում առկա պղինձ պարունակող ամբողջ հումքի գնման ցանցի ստեղծում: Այդ ծրագրում կա եւս մեկ հետաքրքրաշարժ կետ, որն այդքան էլ չի առնչվում լեռնամետալուրգիայի ոլորտին: Ընկերությունը պատրաստվում է ծավալել էլեկտրաէներգիայի սեփական արտադրություն:

Չնայած Հայաստանում ծավալած հնգամյա գործունեությանն ընկերությանը դեռ չի հաջողվել պահանջվող մակարդակի հասցնել Հանրապետության լեռնամետալուրգիայի ոլորտը:
«Ամեն ինչ գնում է քայլ առ քայլ: Նորություն չէ, որ 1 կամ 2 տարվա ընթացքում թռիչք կատարենք եւ հասնենք մի ֆանտաստիկ արդյունքի: Դա լեռնամետալուրգիայի ասպարեզում անհնարին է: Միայն քայլ առ քայլ կարելի է հասնել այն մակարդակի, որ կար մինչեւ 1989 թվականը», - ասում է ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը:

Ընկերությունը պատրաստվում է աշխատեցնել 3 նոր հանքավայրեր: Դրանցից 2 գտվում են Լոռու մարզում: Չնայած դրան ներկա պայմաններում ընկերությունը ոչ թե մշակում է հանքավայրերից ստացված խտանյութաերը, այլ դրանք ամբողջությամբ արտահանում է հիմնականում երմանիա: Հարկ է նշել, որ արտահանվող 99 տոկոսանոց սեւ պղնձի խտանյությում բացի պղնձից պարունակվում է նաեւ ոսկի եւ արծաթ: Սակայն, Վալերի Մեջլումյանի խոսքերով նույնիսկ այդպիսի արտահանումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ խտանյութում պարունակվող պղնձի, ոսկու եւ արծաթի համար ընկերությունն առանձին վճարներ է ստանում:

Ի դեպ, զարգացման ծրագրի կանխատեսումներով պղնձի սպառման շուկա Հայաստանում չի լինի դեռեւս մինչեւ 2006 թվականը: Այնպես որ հայկական պղնձի խտանյութի արտահանումը կշարունակվի:

Հայտնի է, որ «Բեյզ Մեթըլս» ընկերությունն այսօր Հայաստանի խոշոր հարկատուների շարքին է պատկանում: Ընկերության ղեկավարի բնորոշմամբ Պետեկամուտների նախարարության հետ նրանց հարաբերություններն ընկերական են: Չնայած դրան այս տարվա սկզբում ընկերությունում իրականացված վերջին ստուգումների արդյունքում, 2 կողմի «ընկերությունը» տեղափոխվել է դատական դաշտ: Այդ գործի մանրամասները Վալերի Մեջլումյանն առայժմ գերադասում է չտարածել: