Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌՈՒՑԵՆՔ ՀՀ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Տնտեսություն

Իր անձնական համոզմունքներից ելնելով ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, իսկ այժմ ֆոնդային բորսայի ղեկավար Էդվարդ Սանդոյանը Հայաստանի կապիտալի շուկան գերադասում է կառուցել միայն Ռուսաստանի օգնությամբ. «Բացի նրանից, որ Ռուսաստանը ավանդաբար Հայաստանին մոտ է կանգնած ոչ միայն շուկայական տեսանկյունից, այլ նաեւ բարոյահոգեբանական, քաղաքական, սոցիալական, պատմական եւ այլն, այլ նաեւ ռուսական բաժնետոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ամբողջ աշխարհում: Ինվեստիցիոն բիզնեսի տեսանկյունից կարծում եմ, որ Ռուսաստանի շուկան ունի շատ մեծ ապագա եւ շատ արդյունավետ ու ճիշտ կլինի մեզ համար որքան հնարավոր է շուտ ինտեգրվել այդ դաշտ»:

Այդ նպատակով 6 օր առաջ Մոսկվայի միջբանկային բորսայի եւ Հայաստանի ֆորնդային բորսայի ղեկավարների միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր: Էդվարդ Սանդոյանի համոզմամբ այն հնարավորություն կտա ստեղծել բորսայի ընդհանուր ինտեգրված դաշտ, բացի այդ Հայաստանի շուկայում մատչելի կդառնան ռուսաստանյան ընկերությունների բաժնետոմսերը, ինչպես նաեւ Հայաստանի ընկերությունների բաժնետոմսերը` Ռուսաստանի շուկայում, ինչը շատ ավելի կարեւոր է Հայաստանի համար: Այն մտավախությունը, որ կնքված պայմանագրը տարբեր «քաշային» ընկերությունների միջեւ է եւ դրա արդյունքում Հայաստանի բորսան Ռուսաստանի բորսայի ոչ թե գործընկերը, այլ ընդամենը մասնաճյուղն է դառնալու Էդվարդ Սանդոյանը չի ընդունում: «Մենք հայտնվել ենք մի վիճակում, որ մեզ պետք է օգնություն եւ մենք հաճույքով ընդունում ենք Ռուսաստանի օգնությունը», - ասում է Էդվարդ Սանդոյանը:

Նա, ի դեպ, առայժմ խուսափում է գնահատել Հայաստանի ֆոնդային բորսայի աշխատանքը: Պարզապես նշվում է, որ գործարքների ծավալի կտրուկ աճն այդ բնագավառում կհամարվի որպես ֆանտասնիկ երեւույթ, կապիտալի շուկայում ամեն ինչը կախված է տնտեսությունից, իսկ բորսայում իրականացվող գործարքների ծավալն այսօր մեծ չէ: