Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՀԱՄԱՇՀԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Տնտեսություն

ՀՀ Ֆինանսենրի եւ Էկոնոմիկայի նախարարի պատվիրակությունը Վաշինգթոնյան այցի ժամանակ 2 օր անընդմեջ մեծ քննարկումների, վեճերի եւ ամերիկացի գործընկերներին համոզելու պրոցեսի մեջ էր: Պատճառն ամերիկյան վարկի` SAC-5-ի առաջին չափաբաժնի տրամադրումն էր: Հայաստանի Կառավարությունը 2003 թվականի պետբյուջեն կազմելիս մեծ հույսեր է կապել այդ վարկի հետ եւ բյուջեում արդեն հաստատվել է վարկի 20 միլիոն դոլարի տեղադրումը:

Վարդան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն, Վաշինգթոնում պարզել է, որ Համաշխարհային Բանկի ղեկավարությունն իր աշխատակիցների անփութության պատճառով թյուրիմացության մեջ է հայտնվել ու չի տեղեկացվել Հայաստանի պետբյուջեում իրենց վարկի տեղադրման մասին:

«Այնտեղ մենք բացատրեցինք, որ եթե դա իրենց համար ընդամենը միջոցառումների ցանկ է կամ աշխատանքի, ժամանակի խնդիր, դա մեզ համար կոնկրետ մարդկանց, կոնկրետ թոշակների աշխատավարձերի նպաստ է», - ասում է Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարը:

Ի վերջո անհրաժեշտ փաստաթղթերի միջոցով Համաշխարհային Բանկում ապացուցվել է, որ Հայաստանին անհրաժեշտ է SAC-5: Այնուամենայնիվ, բոլոր գործողությունների պատճառով վարկը Հայաստանին կտրամադրվի նախատեսված ժամանակից ուշ, ինչը կարող է էական խնդիրներ առաջացնել 2003 թվականի պետբյուջեի կատարողականի համար:

Բացի այս անախորժությունից Վաշինգթոնում Հայաստանի պատվիրակությունն այլ դժվարություններ չի ունեցել, նույնիսկ SAC-4-ի լողացող շափաբաժնի տրամադրման հարցում: Հավանաբար 10 օրից Հայաստան է ժամանելու Համաշխարհային Բանկի պատվիրակությունը, որն ուսումնասիրելու է հայկական կողմի պարտավորությունների իրականացման ընթացքը այս մյուս վարկի ստացման ուղղությամբ:

Վարդան Խաչատրյանը հայտարարում է, որ Հայաստանն իրականացրել է Համաշխարհային Բանկի SAC-4-ով նախատեսված պայմանները: Չնայած այս հայտարարությանը, այնուամենայնիվ չի բացառվում, որ SAC-4-ի տրամադրման համար Համաշխարհային Բանկի պատվիրակությունը տա բացասական պատասխան: Այդ դեպքում Վարդան Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանի Կառավարությունը նոր պարտքեր չի կուտակի իր քաղաքացիների հանդեպ, պարզապես չեն մարվի նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների պարտքերը: