Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՎՇՈՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՎՇՈՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Տնտեսություն

«Վերջերս շատ հաճախ է խախտվում մասնավորեցման մասին օրենքը. օտարման ենթակա ձեռնարկությունները մրցութային կարգով սեփականաշնորհելու փոխարեն, մեր իշխանությունները նախընտրում են ուղղակի վաճառքը այն էլ աննախադեպ ցածր գներով»,- գտնում է Արարատ - Ցեմենտ գործարանի նախկին տնօրեն , նախկին վարչապետ Արամ Սարգսյանը` բերելով ԲՑ-երի կամ Արարատ- ցեմենտի օրինակը:

Հիշեցնենք, որ վերջերս ուղիղ վաճառքով Արարատ- Ցեմենտ գործարանը տրվեց օվշորային գոտում գրանցված, իբր բերլգիական « Ռոբերտո» կազմակերպությանը: «Ռոբերտոյի» բելգիական ծագումը կասկածելի է թվում Արամ Սարգսյանին, քանի որ ըստ նախկին վարչապետի, ոչ մի օտարերկրյա կազմակերպություն հաշվանցում չէր անի « Իտերային»:
«Դրա ետեւում միանշանակ կանգնած է հայաստանցի օլիգարխներից մեկը»,- համոզված է Արամ Սարգսյանը:

«Արարատ- Ցեմենտը» վաճառվել է 8 մլն դոլարով , որից կանխիկ վճարվել է 200 հազար դոլար , մնացածը պետք է հաշվանցվի «Իտերա» ընկերությանը` գործարանի կուտակած պարտքի դիմաց: Պարտքը , սակայն, որքան է կազմում, գործարանից մեզ չհաջողվեց ճշտել: Պատասխանատուները խուսափում են հրապարակել կոնկրետ թիվ: «Պարտքն օրական աճում է , ինչպես կարող ենք այսօր հստակ բան ասել»,- պարզաբանում է գործարանի հաշվապահը:

Իսկ Արամ Սարգսյանն ասում է, որ 1 տարի առաջ, երբ դեռ ինքն էր ղեկավարում գործարանը , պարտքը` տույժ ու տուգանքներով հանդերձ, կազմում էր 1 մլն դոլար, սակայն 1մլն 600 հազար դոլարի պատրաստի հումք կար: Այսօր պարտքը ներկայացնում են 8 մլն դոլար:

«Եթե 1 տարում գործարանը 8 մլն դոլարի վնաս է ունեցել, ապա այստեղ պետք է քրեական էլեմենտ փնտրել: Ուրեմն ծրագրված սնանկացվել է գործարանը, որպեսզի ուղիղ վաճառքով այն տրամադրեն ինչ- որ «Ռոբերտոյի»: Ընդ որում, այդ անունն էլ հնարավոր է ինձ ջղաձգելու նպատակ ունի, բայց ես վաղուց արդեն հումորով եմ վերաբերում այդ ամենին»:

Ի դեպ , իշխանությունները ուղղակի վաճառքի փաստը բացատրում են նրանով , որ մեկ այլ հայտ ներկայացնող չի եղել:

«Մրցույթ չի հայտարարվել , այլապես ես անպայման կմասնակցեի մրցույթին — կմասնակցեի ծրագրային առաջարկով»,- ասում է Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք , որ առաջին անգամ հայտարարված միջազգային աճուրդում հաղթել էր « Հոլսիմ» ընկերությունը , որն, ի տարբերություն օվշորային «Ռոբերտո» ընկերության, առաջարկել էր 6 տարվա ծրագիր 32-35 մլն դոլար ներդր ումով: Կորցնելով 300 հազար դոլար կանխավճարը, «Հոլսիմը» հեռացավ Հայաստանից:

ՀՀ նախագահն այս փաստը անուղղակի կերպով կապեց Արամ Սարգսյանի հետ` հայտարարելով , որ «ինչ -որ մարդկանց հաջողվել է «վախեցնել» « Հոլսիմին»: Արամ Սարգսյանը համոզված է , որ «վախեցնողներ» անպայման եղել են , «դրանք այսօրվա «Ռոբերտոներն են»:

Ի դեպ, «Արարատ - ցեմենտի» կոլեկտիվն էլ սկզբնական շրջանում առաջարկում էր 28 մլն դոլարի ներդրումային ծրագիր, սակայն քանի որ հայտարարվել էր միջազգային աճուրդ /իսկ դրան կարող են մասնակցել միայն միջազգային աուդիտ անցած կազմակերպությունները/, կոլեկտիվը զրկվեց գործարանը մասնավորեցնելու հնարավորությունից:

Այսպիսով, ապապետականացվեց մի ձեռնարկություն, որը տարածաշրջանում միակն էր, որ նոր տեխնոլոգիական լուծման արդյունքում արտադրանք տալիս է չոր մեթոդով` խնայելով 40 տոկոս էներգակիր:

«Ընդամենը 15-18 տոկոս հզորությամբ աշխատող ձեռնարկությունը տարին փակում էր շահույթով: Այս գործարանը բեռ չէր պետության համար: Այս տեմպերով գործարանը դեռ 5 տարի կարող էր մրցունակ լինել շուկայում:Այսօր դրան տիրացավ օվշորային մի կազմակերպություն: Զարմանալ պետք չէ: Մեր ներկա իշխանություններն են օվշորային »,- եզրափակում է Արամ Սարգսյանը: