Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ «ԴԱԲՐՈ Է ՏՎԵԼ» ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

Հասարակություն

«Ահաբեկիչներն ինձ չեն ստիպել զանգահարել Սամվել Բաբայանին, ես նրան փորձել եմ գտնել համընդհանուր սպառնալիքի տակ»,- այսօր դատարանում ցուցմունք տվեց Հոկտեմբերի 27-ի գործով տուժող , ԱԺ պատգամավոր Սամվել Ավետիսյանը` սրանով ժխտելով նախաքննական իր առաջին եւ հաստատելով իր երկրորդ ցուցմունքը:

ԱԺ պատգամավորը հայտարարում է, որ առաջին ցուցմունքը տվել է «անելանելի սթրեսային վիճակում»: Դրանից 3 ամիս հետո նա նախաքննական մարմնին տեղեկացրել է, որ ինքը ինքնակամ է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանին` խնդրելով գտնել Սամվել Բաբայանին` «այստեղ իր անունն են տալիս»:

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի կարծիքով, տուժողն իր երկրորդ ցուցմունքը տվել է «ապացույցների ճնշման տակ», երբ արդեն ցուցմունք էին տվել Ժիրայր Սեֆիլյանը, ամբաստանյալները: Սամվել Ավետիսյանը մտածել է` հեղաշրջում է եւ օժանդակել է ահաբեկիչներին,- մեղադրում է Աշոտ Սարգսյանը :
«Ինչու՞ էիք դուք փորձում կանչել Սամվել Բաբայանին, երբ դա անել հրաժարվեցին Հայկ Բաբուխանյանը, մյուսները, որոնք ավելի մոտ էին նրա հետ», - հարցրեց փաստաբանը: ԱԺ պատգամավորը վստահեցնում է, որ ինքը մտածել է, որ տվյալ պահին միայն ազգային հերոս Սամվել Բաբայանը կարող է հանգստացնել ահաբեկիչներին ու ժողովրդին:

Տուժողը դժվարացավ նշել, թե Սամվել Բաբայանը ինչպես էր հանգստացնելու ահաբեկիչներին: Նա միայն կրկնում էր, որ ինքը «ամեն ինչ անում էր, որ պատգամավորների կյանքին վտանգ չսպառնա»:

Իդեպ, Աշոտ Սարգսյան-Սամվել Ավետիսյան հարցաքննությունից հետո բացահայտվեցին վերջինիս «պատգամավոր դառնալու որոշ հանգամանքները»: Պարզվում է, որ Սամվել Ավետիսյանը պատգամավոր է դարձել Սամվել Բաբայանի «դաբրոն» ստանալուց հետո: Նույնիսկ դրա համար պատգամավորը հասել է Ղարաբաղ եւ 10 րոպե զրուցել Սամվել Բաբայանի հետ: «Նա ինձ առաջարկեց ֆինանսական օժանդակություն . ես հրաժարվեցի. ես ֆինանսների կարիք չունեի», - նշեց Սամվել Ավետիսյանը: