Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՄՈ, ՎԵՐ ԿԱՑ, ԴՈՒ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՍ»

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով տուժող ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին երկար ժամանակ թվացել է, որ այդ օրը ԱԺ դահլիճում տեղի է ունենում թատերականացված ներկայացում: Ամբաստանյալներն էլ հանգիստ, սառնասրտորեն խաղում են իրենց դերերը: Տուժողն այսօր դատարանում նշեց, որ միայն այն ժամանակ է հասկացել հրեշավոր իրողությունը, երբ Վազգեն Սարգսյանին տեսել է սպանված:

Մինչ ահաբեկիչների մուտքը ԱԺ դահլիճ, Հմայակ Հովհաննիսյանը անսովոր աղմուկ կամ կրակոցներ միջանցքից չի լսել: «Ես սովորություն ունեմ ուշադիր լսել եւ կլանված ուշադրությամբ լսում էի Ֆինանսների նախարարին, երբ աղմուկ լսեցի: Շրջվեցի եւ տեսա, որ կրակում են դեպի իմ կողմը», - պատմեց ԱԺ պատգամավորը: Հետո լսել է Նաիրի Հունանյանի ձայնը.«Համո, վեր կաց, դու վախենալու բան չունես»:

Հմայակ Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարում էր , որ մոտիկից Նաիրի Հունանյանին չի ճանաչել.«Նրան գիտեի միայն որպես մաքսիմալիզմ խառնվածքով լրագրողի»,- ասաց նա: Հմայակ Հովհաննիսյանը 6 տարվա ընդմիջումից հետո Նաիրի Հունանյանին հանդիպել է 1998-ին, Կարեն Դեմիրճյանի ընտրական շտաբի մոտակայքում: Նաիրին ասել է, որ նախագահական ընտրություններում պաշտպանում է Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը եւ առաջարկել է իր օգնությունը: Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվել է` «վերջինիս խառնվածքի պատճառով»: Մեկ անգամ էլ Նաիրիին տեսել է ԱԺ-ում, ուշադրություն չի դարձրել` մտածելով.«եկել է բացասական լիցքերը թափելու համար»:

Ի դեպ, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, իր պատմածից հետո է Ռոբերտ Քոչարյանը որոշել բանակցել ահաբեկիչների հետ եւ պահպանել նրանց կյանքը «հետագայում պարզելու համար, թե ինչ է կատարվել»: Հմայակ Հովհաննիսյանին էլ էին ահաբեկիչներն ուղարկել ՀՀ նախագահի մոտ իրավիճակը ներկայացնելու համար: Ամբաստանյալների վերաբերյալ իրեն ուղղված հարցերից մեծ մասին Հմայակ Հովհաննիսյանն այսօր հստակ չպատասխանեց.«տեղը չէի բերում, ցնցված էի»: