Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«EASY CARD»- ԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՊԱՀԱՆՋԱՐԿ. «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶԱՐՄԱՑԱԾ Է

Հասարակություն

«Easy card»-երի վաճառքի վերսկսման վերաբերյալ «ԱրմենՏելի» տնօրինության երեկվա հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ: Սակայն շատ քչերին այսօր հաջողվեց «easy card» ձեռք բերել:

Առավոտյան ժամը 7-ից սպասող քաղաքացիները կեսօրին տեղեկացան, որ «easy card»-երը վերջացել են: Չնայած իրենց հաշվարկներով, ընդամենը 15 քարտ է վաճառվել:
«Եկան կարգ պահպանողները. հրմշտոց եղավ, հետո ասացին, որ այլեւս չեն վաճառում»,- բողոքում են քաղաքացիները:

Նման հրմշտոցներ այսօր եղել են «easy card» -ի վաճառքի բոլոր կետերում, նույնիսկ կոտրել են առեւտրի որոշ կետերի ապակիները: Քաղաքացիների նման շտապողականությունը, պարզվում է, «easy card»-երի սահմանափակ վաճառքի պատճառով չէ: Նրանց մեծ մասը ենթադրում է, որ վաղն իրեն չի հաջողվելու սահմանված 24 դոլարով այդ «card»-ը գնել:
«Ոչ միայն մտածում եմ, այլ այսօր ականատես եմ , որ կրկնակի գնով են վաճառում», - ասաց բնակիչներից մեկը:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենը երեկ հայտարարում էր, որ իրենք ընտրել են երեք դիստրիբյուտորի, որոնք պատասխանատու են «easy card»-երի վաճառքի համար: Նա հույս ուներ, որ խոշոր դիստրիբյուտորական ցանցի ստեղծումով կկանխվեն կապի այս ծառայության սպեկուլյատիվ վաճառքի հնարավորությունները:

Այն, ինչ կատարվել է այսօր «easy card»-երի վաճառքի 27 կետերում, զարմացրել է «ԱրմենՏելի» աշխատակիցներին: Այսօր հանրապետությունում վաճառվել է 5000 «easy card»: «ԱրմենՏելի» լրատվական կենտրոնից հայտնում են, որ խուճապի մատնվելու հարկ չկա, վաճառվելու է եւս 45000 «easy card»: