Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԱՎ ԱՌԻԹ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՇՌԱՅԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարզեր

Մարտունի քաղաքում 420 երեխա դասագիրք չունենալու պատճառով դպրոց չի հաճախում, ասում է Մարտունիի փոխքաղաքապետ Ռադիկ Հարությունյանը: Ըստ նրա, եթե մի քաղաք 5 դագաղի խանութ եւ 11 ավիատոմսերի վաճառքի տեղ ունենա, էլ ինչ կարելի է սպասել այդ քաղաքից:
15 հազար 200 բնակիչների 60 տոկոսը արտագաղթել է: Մեծ մասը երիտասարդներ են, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան:
Երբեմնի խոշոր արդյունաբերություն ունեցող քաղաքում, ուր նախկինում գործում էին բազմաթիվ գործարաններ 18 հազար ընդհանուր աշխատատեղերով, այսօր մնացել է ընդամենը 1 ալրաղաց, ուր աշխատում են 15-ից 20 մարդ: Բնակիչների մի մասը զբաղվում է բիզնեսով, մյուսներն էլ հողագործությամբ:

Իդեպ գյուղատնտեսության հողերի 60 տոկոսը չի ցանվում` տեխնիկա չունենալու պատճառով: Հողագործությամբ զբաղվող քաղաքացիները օգտվում են 1 կոմբայնից, այն էլ ոչ հաճախ, քանի որ կոմբայնատերը կամայական գներ է առաջարկում:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը հայտնի է նաեւ բազմազավակ ընտանիքներով: Պետական օգնությունն այդ ընտանիքներին չնչին է, ասում է Ռադիկ Հարությունյանը: Եթե նախկինում բազմազավակ մայրերը հերոսներ էին կոչվում եւ որպես պարգեւ տուն ու մեքենա էին ստանում, այսօր այդ մայրերն ուղղակի անտեսված են:

Մարզի իշխանությունները առաջիկայում սպասվող ընտրությունների խնդիրներով տարված մոռացել են վերանորոգել մաքրման կայանը: Արդյունքում Մարտունիից եւ նրան շրջապատող 13 գյուղերից հոսող կեղտաջրերը անարգել լցվում են Սեւանա լիճ: Մարտունիի փոխքաղաքապետը գտնում է, որ կայանի վերանորոգումը փայլուն հնարավորություն է ընտրություններում իրենց թեկնածությունը դնող մեր հայրենակիցների համար, ամենաքիչը գոնե կարող են նրանք խոստումներ տալ: