ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՈւսումնասիրելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2006թ. արդյունքների ամփոփման պաշտոնական զեկույցում բերված տվյալները` Երեւանի քաղաքապետարանը իր դժգոհությունն է արտահայտել իր հասցեին արված քննադատությանը:
Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության` այսօր մայրաքաղաքում ընթանում է վերականգնման եւ զարգացման աննախադեպ գործընթաց. «Վթարային դարձած բազմաբնակարան շենքերի ամրացումը տասնամյակներ շարունակ չէր իրագործվում, եւ միայն վերջին տարիներին, երկրի տնտեսական աճին զուգընթաց, կառավարության կողմից հաստատված եւ հեռանկարային ծրագրերին համապատասխան այն իրականություն դարձավ եւ զարգանում է տարեցտարի աճող թափով»:
Օմբուդսմենի զեկույցում, ըստ քաղաքապետարանի, «տեղ են գտել անհիմն ենթադրություններ ՀՀ սահմանադրական դատարանի 18. 04. 2006թ. որոշման պահանջների կատարման ուղղությամբ, առանց նկատի առնելու, որ այդ որոշումից հետո ընդունվել են նոր իրավական ակտեր, որոնցով կարգավորվում եւ իրականացվում է իրացման գոտիներում օտարման գործընթացը, եւ պետբյուջեից վերադարձվել է բնակիչներից պահված եկամտահարկի գումարը»:
«Մենք օմբուդսմենի կոչումը պատկերացնում ենք ոչ թե քարոզչության, ոչ թե լրացուցիչ երկրորդ դատական համակարգի կամ դատական բարձրագույն ատյանի, այլ յուրաքանչյուր մարդու իրավունքների լրացուցիչ պաշտպանի, օրինական հարաբերությունները կարգավորողի դերում։ Այդ դեպքում նրա գործունեությունը առավել օգտակար կլինի ընդհանրապես հասարակության համար։
Մենք կարծում ենք, որ մեր հետագա համագործակցությունը կկրի ավելի կառուցողական, գործնական բնույթ, անսքող նեգատիվիզմի փոխարեն փորձ կարվի ավելի խորանալ երեւույթների էության եւ խնդիրների բարդության մեջ, կկարողանանք ճիշտ համատեղել մեր քաղաքացիների անձնական եւ հասարակության շահերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։