Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐՈՒՄ Է ՈՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հասարակություն

Կառավարությունն իր պատմության մեջ առաջին անգամ անդրադառնում է մանկատունն ավարտած երեխաների բնակարանային եւ սոցիալական խնդիրներին: Այսօր Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Երկկողմանի ծնողազուրկ երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Ըստ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի, 1991 թվականից մինչեւ այսօր հանրապետության մանկատներից դուրս է եկել երկկողմանի ծնողազուրկ 150 շրջանավարտ: Նախարարի ձեւակերպմամբ, նրանք փողոցում են հայտնվել հասարակությունից մերժված եւ օտարված :

2003 թվականի համար սոցիալական ապահովության նախարարությունը պատրաստել է մի ծրագիր, որով մանկատունն ավարտած երեխաները կապահովվեն մասնագիտությունների ձեռքբերմամբ, աշխատատեղով: Հնարավորության դեպքում կառավարությունը նրանց խոստանում է կահույքով բնակարաններ եւ հողատարածք:
Ռազմիկ Մարտիրոսյանի հաշվարկներով, այս ծրագիրը կառավարության վրա կնստի մինչեւ 350 միլիոն դրան : Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ արդեն նույն տարում կլուծվի մոտ 100 շրջանավարտի այս կամ այն խնդիրը, իսկ հետո «դա կդառնա բնականոն ընթացք»:
Մանկատան շրջանավարտների խնդիրն, ըստ նախարարի, կընդգրկվի նաեւ 2003 թվականի պետական բյուջեում:

Ի դեպ, օրինագիծը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի խոսքերով քվեարկության կդրվի «հարմար պահին»: