Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎ ՆՈՐԻՑ. ՈՐՏԵ՞Ղ Է ՏԵՍԱԵՐԻԶԸ, ՈՐՏԵ՞Ղ, ՈՐՏԵ՞Ղ, ՈՐՏԵ՞Ղ...

Հասարակություն

Այսօր շարունակվեց հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը: Մարտ ամսին Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը միջնորդել էր հայտնաբերել ու գործին կցել ոճրագործությունից հետո ՊՆ-ում տեսագրված ժապավենն ու հարցաքննել իրադարձության մասնակիցներին:

Այսօր հրապարակվեցին այս առնչությամբ ՊՆ-ից, ՆԳՆ-ից ու ԱԱՆ-ից ստացված պատասխանները:
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հաստատել է, որ դեպքից հետո ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը եղել է ՊՆ-ում, նրա այցը տեսագրվել է: Սակայն, հավատացնում է Սերժ Սարգսյանը, տեսաժապավենի որոնման աշխատանքները հաջողությամբ չեն պսակվե:
Նույն պատասխանն է տվել նաեւ Ներքին Գործերի նախարարությունը:
Ազգային անվտանգության նախարարությունից հայտնել են, որ իրենց իրավասությունների շրջանակից դուրս է տեսաժապավենով զբաղվելը, դա վերաբերում է հոկտեմբերի 27-ից անջատված մասի նախաքնությունն իրականացնող մարմնին:
Զինդատախազությունից էլ տեղեկացրել են, որ քննչական խմբին հաձնարարվել է այդ ուղղությամբ աշխատել:

Այսպիսի պատասխանը փաստաբան Յունոշեւին ակնհայտորեն չբավարարեց: Նա մեկ անգամ էլ հանդես եկավ միջնորդությամբ, պահանջելով ոչ միայն հայտրաբերել տեսաերիզը , այլեւ հարցաքննել ՊՆ- ում գտնված անձանց` Արտակ Զեյնալյան, գեներալ Մանվել Գրիգորյան, Աստվածատուր Պետրոսյան, Վովա Գասպարյան, Ալեքսան Հարությունյան: Յունոշեւի միջնորդությանը միացավ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը: Նա էլ առաջարկեց վերոնշյալ անձանց հարցաքննել տուժողներից անմիջապես հետո:

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ Օլեգ Յունոշեւի միջնորդությունը քաղաքական շարժառիթներ ունի:
Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակիորեն: Օպերատիվ խմբին կհանձնարարվի պարզել, թե որտե՞ղ է տեսաերիզը: Իսկ հարցաքննության մասով միջնորդության քննարկումը հետաձգվեց: