Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԿԸ ԴԵՌ ՉՍՏԱՑԱՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՓԱԿՈՒՄ Է ՊԱՐՏՔԵՐԸ

Տնտեսություն

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման մասին: Չնայած սուղ միջոցներին, կառավարությունում որոշել էին մարել մոտ 13 մլրդ-ի պարտք: Այսօր արդեն, ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, մարվել է 7 մլրդը:

ՀԲ-ի տրամադրած ՍԱԿ-4 վարկի միջոցով պիտի մարվեն առողջապահության պարտքերը, 1999 — 2001 թվականների: 1999 ի պարտքը կազմում է 544 մլն դրամ, իսկ 2001 թվականինը` 828 մլն, 2000 թվի համար պարտքն ավելի մեծ է 2.5 մլրդ եւ այն դեռ չի մարվի:
Թեեւ, երբ կստանանք ՍԱԿ-4-ն այնքան էլ պարզ չի, դա պարզ կդառնա Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից հետո:

Նախարար Խաչատրյանն այսօր հպարտությամբ հայտարարեց, որ փակվել են բոլոր պարտքերը գիտնականներին, արվեստի գործիչներին, թատրոններին: Եվ վերջում ծնունդով Ջերմուկցի նախարարն ասաց, որ շատ է ուրախացել, քանի որ կառավարությունը որոշել է 27 մլն դրամ հատկացնել Ջերմուկ քաղաքի 2-րդ դպրոցի վերանորոգման համար:

Որքան է կազմում այսօր Հայաստանի պարտքը հարցին, Վարդան Խաչատրյանը խուսափեց կոնկրետ ու հստակ պատասխանել:

Իսկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությանն է ներկայացրել մի օրինագիծ, որի համաձայն փոփոխություն է կատարվելու «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում: Ըստ ՄԱԿ բանաձեւի, բոլոր երկրները պարտավորվել են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ֆինասական ահաբեկչության դեմ պայքարելու համար: Նրանք պիտի սառեցնեն այն հաշիվները, որոնցից գումարներ են ուղղվում ահաբեկչության ֆինանսավորմանը: Աշխարհի բանկերը ստացել են այն բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց հաշիվներից հնարավոր է ֆինանսավորվում են ահաբեկիչներ կամ նման կազմակերպություններ: ԿԲ այս ցուցակը տարածել է Հայաստանի ոբոլոր առեւտրային բանկերում:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է: «Մինչ օրս Հայաստանում այդ ցուցակից որեւէ մեկի հաշիվ չի հաըտնաբերվել»: