Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀՄԱՅՔՆ ՈՒ ԽԱՄՐԱԾ ԳՈՒՅՆԵՐԸ

Հասարակություն

Լոռին հնուց ի վեր կտրված է եղել մայրաքաղաքից, իսկ այսօր այն ամբողջովին անտեսված է. ալավերդցին առիթը բաց չի թողնում Երեւանից եկած ցանկացածին ներկայացնելու իր բողոքը: Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանն անգամ չի թաքցնում, որ այստեղ «վիճակը ճգնաժամային է»:

Ալավերդիում միակ գործող ձեռնարկությունը պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն էլ աշխատում է նվազագույն հզորությամբ: Հիմնական աշխատանք ունեցողները Ալավերդիում մեկ-երկու հազար են: Բնակիչների մեծ մասը զբաղվում է առեւտրով: Շուկայում վաճառվում են Բագրատաշենից բերված գյուղատնտեսական մթերքները: Անձրեւների պատճառով այս տարի Լոռիում բերքը քիչ եւ անորակ է եղել:

Ալավերդիում վերջերս խոզեր են հայտնվել: 40 ընտանիք խոզ է պահում: Քաղաքապետարանը որոշել է արգելել: Քաղաքում թափառող, քաղաքային պաշտոնյաների կողմից հայտնաբերված խոզի տերը տուգանվելու է 100 դրամով: Թեեւ քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը վստահ չէ, որ այս որոշումը արդյունք կտա: Ալավերդու քաղաքապետը դժգոհում է, որ կառավարությունն իրենց 12 մլն դրամ է պարտք` չվճարված աշխատավարձերի մասով: Ալավերդիում ավանդույթ է դառնում դատարան դիմելը` ամիսներով չվճարված աշխատատավարձը ստանալու համար: Քաղաքապետարանը դատարան չի դիմելու, այլ դիմելու է կառավարությանը` այս խնդրի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու համար: