Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԸ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ

Հասարակություն

Երուսաղեմի հիմնահարցը տարածքային խնդիր չէ: Երուսաղեմում խաղաղության հասնելու առաջին ու կարեւորագույն նախապայման- երաշխիք կարող է լինել երեք կրոնների հավասար անվտանգության ապահովումը: Այս եզրահանգման եկավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Հովհաննիսյանը` Քաղաքացիական ազգային նախաձեռնության կողմից կազմակերպված «Երուսաղեմի հայկական թաղամասի խնդիրը. նոր մարտահրավերներ» թեմայի շուրջ քննարկման ժամանակ:

Երուսաղեմի հայկական համայնքը հայտնվել է 2 կրակի արանքում: Պաղեստինը եւ Իսրայելը ինչ-ինչ հարցեր լուծելու ժամանակ մշտապես բարձրացնում են հայկական տարածքների խնդիրը` յուրաքանչյուրն այն համարելով իր սեփական տարածքը: Նրանք հայերից պահանջում են հեռանալ` անվանելով նրանց եկվորներ:

1945 թվականին 35 հազար հայ էր ապրում Երուսաղեմում, այսօր նրանց թիվը մոտ 2000 է, որից միայն 600-ն է ընդունել Իսրայելի քաղաքացիությունը: Հայերը ինտենսիվորեն լքում են Երուսաղեմը` շատ թանկ գնով վաճառելով սեփական հողը: Արդեն 71 կալվածքներից` 58-ը վաճառվել է հրեաներին: Դավիթ Հովհաննիսյանը դա մասամբ վերագրեց տեղի ղեկավարության կաշառք վերցնելու արատավոր սովորույթին:

Հայ համայնքին պատկանող սրբավայրերի, շինությունների եւ հիմնարկների լիազոր ղեկավարը Երուսաղեմի Հայոց Պատրիարքն է: Քննարկման մասնակիցները համարում են, որ պատրիարքարանը պարտավոր է արգելել հայկական հողերի վաճառքը, կամ ծայրահեղ դեպքում ինքը պետք է գնի այն:

Ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը: Մասնակիցները գտնում են, որ ՀՀ կառավարությունը պետք է լուծի 3 խնդիր` որն է մեր նպատակը, ինչ միջոցներով եւ որ ներուժի հիման վրա պետք է իրագործենք այն:

Այս թեմաների քննարկմանը լրատվամիջոցներին թույլ չտրվեց մասնակցել ՀՀ առաջին փոխարտգործնախարար Շահեն Կարամանուկյանի խնդրանքով: Նա գտնում է, որ լրագրողները կխանգարեն նախապես լուսաբանելով ինչ-ինչ գաղտնի հարցադրումներ:
Իսկ մարդու իրավունքների պաշտպան` Քաղաքացիական նախաձեռնության տնօրեն Հրաչ Հակոբյանը չլուսաբանելու պայմանով թույլ տվեց քննարկմանը մասնակցել այն լրագրողներին որոնց հետաքրքրում է թեման: