Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՈՒ՞ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՏՈՒՄ ՄԵԶ...

Հասարակություն

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խնդրանքով «Արարատ» ֆիլմն այսօր ցուցադրվեց բացառապես լրատվամիջոցների համար, նախապես հնարավորություն տալով նրանց ունենալ պատրաստի հարցեր, որոնք կտրվեն ռեժիսորին` սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք մամլո ասուլիսի ժամանակ:

Հայոց ցեղասպանության մասին պատմող Ատոմ Էգոյանի ֆիլմը թեեւ մեկ տարի է պատրաստ է, սակայն առաջին ցուցադրումը տեղի է ունեցել Կաննի փառատոնում: Ֆիլմը քաղաքական նկատառումներից ելնելով ցուցադրվել է արտամրցույթային կարգով:

Ռեժիսորը հայոց ցեղասպանությունը ներկայացնում է ոչ ստանդարտ լուծմամբ, այսինքն չի օգտվել արխիվներից, չկան ժապավեններ եւ նկարներ: Դերակատարները, որոնց մեջ է նաեւ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը` մտացածին կերպարներ են: Հայտնի նկարիչ Արշիլ Գորկու նկարներից մեկի միջոցով նրանք վերականգնում են ցեղասպանության ողջ սարսափը, միեւնոյն ժամանակ հնարավորություն տալով մեղավոր կողմին իր խոսքն ասելու: Վերջինս նենգ է նաեւ այսօր: Հետաքրքիր է Շառլ Ազնավուրի, այսինքն նրա կերպարի կողմից բարձրացրած հռետորական հարցը` «Ինչու է Թուրքիան մինչ օրս ատում մեզ»:

«Արարատ» ֆիլմը մեծ արձագանք է գտել, հատկապես Կանադայում, Ֆրանսիայում եւ Թուրքիայում: Վերջինս բնականաբար բացասական նոտայով է հանդես եկել, ինչը եւ սպասելի էր:

Ֆիլմը լայն հասարակության համար կցուցադրվի սեպտեմբերի 20-ից: