Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հասարակություն

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 11-ից 17-ը (այս տարի 15-ը) Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Եկեղեցին այն համարում է ամենակարեւորը` խաչին նվիրված տոների մեջ:
Հայ Առաքելական Եկեղեցին հետեւյալ կերպ է մեկնաբանում Խաչվերացը:
Խաչը քրիստոնյաների համար Աստծո զորությունն է, որի վրա իր անմեղ արյունն է թափել Հիսուս Քրիստոսը: Արյան խորհուրդը մեծ է եւ խորհրդանշում է հաղթանակ չարի հանդեպ: Խաչյալ Քրիստոսը, որը հարություն է առել, հաղթության զենք է հավատացյալների ձեռքին, նրանք այդ զենքով են պայքարում սատանայի եւ նրա խաբկանքների դեմ:

Տոնի հաջորդ օրը մեռելոց է: Աշխարհում սփռված ողջ հայությունն այդ օրը այցելում է գերեզմանատներ` հարգանքի տուրք մատուցելու հարազատների շիրիմներին: Մեր օրերում այդ կարգը փոքր ինչ փոփոխության է ենթարկվել: Մեկ տարին չբոլորած հանգուցյալների շիրիմներին մեր հայրենակիցները այցելում են Խաչվերաց տոնի նախավերջին օրը` այսինքն կիրակի: