Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄՐՑՈՒՅԹ

Հասարակություն

Մայրաքաղաքի 7 վայրերում միանգամից այսօր տեղի ունեցավ արտակարգ իրավիճակ, գրանցվել են ավտովթարի, դանականահարման, էլեկտրահարման եւ այլ դեպքեր: Երեւանի բնակիչների համար, սակայն, անհանգստանալու առիթ չկար:

Հայկական Կարմիր Խաչն անցկացնում էր հերթական տարեկան Առաջին Օգնության խմբերի առաջնություն:
Թվով 6-րդ մրցույթին մասնակցում է 13 խումբ Հանրապետության բոլոր մարզերից եւ Գերմանիայից:

Ի դեպ, անցյալ տարի աշխարհագրության առումով մրցույթն ավելի ընդլայնված էր: Հայաստան էին ժամանել խմբեր Միացյալ Նահանգներից, Ադրբեջանից, Վրաստանից: Այս տարի այդ խմբերից ոչ մեկը չեկավ:

Մրցույթի կազմակերպիչները ենթադրում են, որ այդ որոշման վրա մեծապես ազդել են հարեւան պետություններում առկա ներքաղաքական խնդիրները:

Այնուամենայնիվ, այս առաջնությունը նույնպես կրում է միջազգային բնույթ, քանի որ խմբերի աշխատանքները գնահատելու համար Հայաստանում են դիտորդներ Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Վրաստանից եւ Թուրքիայից:

Նմանատիպ մրցույթներ անցկացնելը Հայկական կարմիր Խաչի համար ինքնանպատակ չէ: Հայաստանի Առաջին Օգնության խմբերն արդեն 3 անգամ մասնակցել են միջազգային մրցույթների: Հայաստանի այդ դպրոցը համարվել է առաջատարը Հարավ-Կովկասյան տարածաշրջանում:
Բացի այդ, մրցույթների միջոցով փորձ է արվում համալրել Առաջին Օգնության խմբերը եւ ազգաբնակչությանը ներկայացնել ջոկատների գործունեության անհրաժեշտությունը առօրյա կյանքում:

Ձեռնարկված քայլերի արդյունքում այսօր արդեն Հանրապետության ամբողջ տարածքում կենտրոնը կոորդինացնում է 100 Առաջին Օգնության հրահանգիչների եւ 300 առաջին օգնողների աշխատանք: