Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ» ԿՐԿԻՆ ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿՈՒՄ

Սպորտ

Եվրոպական երկրներում ֆուտբոլային թիմերը կենաց մահու կռիվ են տալիս բարձրագույն խմբում հայտնվելու համար: Հայաստանում պատկերը այլ է:

Բարձրագույն խմբի շատ ակումբներ հրաժարվում են շարունակել պայքարը կամ ուղղակի ցրվում են: Եւ պատահական չէ, որ Հայաստանի առաջնությունը վերջին տարիներին անցկացվում է ընդամենը 8 թիմերի մասնակցությամբ:

Պատկերը նույնն է նաեւ այս տարի: Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ունեն 9 թիմեր, որոնցից միայն 8-ն են առայժմ հաստատել իրենց մասնակցությունը եւ համապատասխան ադամավճար մուծել: Այն որ «Փյունիկը», «Արարատը», «Միկան», «Բանանցը», «Գանձասարը», «Շիրակը» եւ «Կիլիկիան» մասնակցելու են առաջնությանը պարզ էր դեռեւս նախորդ տարի: Վերջերս հստակեցվեց նաեւ «Ուլիսի» մասնակցության հարցը:

Թիմը չնայած ուշացումով, սակայն արդեն նախապատրաստվում է մրցաշրջանին: Առայժմ առաջնությանը մասնակցելու հայտ չի ներկայացրել միայն «Լեռնային Արցախ» թիմը, որը շատ լուրջ քաղաքականություն է վարում: 2005թ. այս թիմը առաջնության կեսից հրաժարվեց բարձրագույն խմբում հանդես գալուց, իսկ ակումբի սփյուռքահայ հովանավորները հանդես եկան պատճառաբանությամբ, թե իբր ցանկանում են առաջնություն կազմակերպել Լեռնային Արցախում, թեեւ ակումբի իրավաբանական հասցեն գրանցված է Երեւանում եւ այն որեւէ առնչություն չուներ Արցախի հետ:

Հետագայում բոլորը համոզվեցին, որ դա «Լեռնայաին Արցախի» սեփականատերը ուղղակի «թոզ են փչում», քանի որ արդեն հաջորդ տարի «Լեռնային Արցախը» սկսեց հանդես գալ առաջին խմբի առաջնությունում` պայքարելով բարձրագույն խմբի ուղեգրի համար: Ուղեգիրը նվաճվեց, սակայն այժմ կրկին թիմում անորոշ վիճակ է , եւ եթե այնուամենայնիվ ակումբը մասնակցի առաջնությանը, ապա կլինի միայն միավորներ բաժանողի դերում:

Իսկ առաջնությունում իրենց մասնակցությունը հաստատած 8 թիմերը շարունակում են լրջորեն նախապատրաստվել առաջնությանը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սոչիում ընկերական հանդիպումներ է անցկացնում ռուսական թիմերի հետ միաժամանակ փորձարկում նորեկների:

Կապանի «Գանձասարը» նախապատրաստվելով մրցաշրջանին կմասնակցի Աշխաբադում կայանալիք «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը: Ակումբը նախնական համաձայնության էր եկել Հայաստանի հավաքականի պահետսային դարպասապահ Ֆելիքս Հակոբյանի հարցում, սակայն կողմերը, այնուամենայնիվ, ընդհանուր հայտարարի չեն եկել եւ Ֆելիքսը վերադարձել է «Միկա»: Վերջինս մարտի 5-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում: Կիպրոսից վերադառնալուց հետո փոխչեմպիոն «Բանանցը» մարզվում է Ծաղկաձորում, սակայն շուտով պատրաստվում է երկշաբաթյա հերթական հավաքը անցկացնել արտասահմանում:

Շուտով Մակեդոնիա կմեկնի «Արարատը» օր այս օրերին մի շարք ընկերական հանդիպումներ է անցկացնում Հայաստանում: Մյուս թիմերը մրցաշրջանին կնախապատրաստվեն Հայաստանում: