Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԼԵԿՈՆ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղացած մեքսիկական Լինարես քաղաքում ընթացող «Մորելիա-Լինարես» շախմատային սուպերմրցաշարում: 4-րդ տուրում Արոնյանը սեւերով հանդիպեց Լեկոյին եւ արդեն 18-րդ քայլին գրոսմայստերները պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեկոն լավ հարաբերությունների մեջ է հայ շախմատիստների հետ (նրա կինը Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի դուստրն է), գրանցված ոչ-ոքին միանգամայն սպասելի էր եւ տրամաբանական:

4-րդ տուրում ոչ-ոքի գրանցվեց նաեւ Տոպալով - Սվիդլեր մրցավեճում: Առաջատար Անանդը հերթական հաղթանակը տարավ՝ սպիտակներով առավելության հասնելով Մորոզեւչի նկատմամբ: Անակնկալ գրանցվեց Իվանչուկ - Կառլսեն պարտիայում, որտեղ հաջողության հասավ սեւերով հանդես եկող պատանի Կառլսենը: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Անանդը, որին հաջորդում է 2.5 միավոր վաստակած Կառլսենը: Արոնյանը, Սվիդլերը, Իվանչուկը եւ Լեկոն վաստակել են 2-ական միավոր: