Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի կանանց մինչեւ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանու մրցակիցներն են դարձել Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները: 7-րդ խմբի հանդիպումները կայանալու են 2007թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Ադրբեջանում: Սակայն ադրբեջանական կողմն արդեն որոշել է հրաժարվել մրցաշարն իր մոտ անցկացնելու գաղափարից, քանի որ չի կարող երաշխավորել հայկական կողմի անվտանգությունը:

Ուղիղ մեկ տարի է ադրբեջանցիները հրաժարվում են ընդունել նաեւ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականին: Ինչպես հայտնի է Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականը «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելու են միմյանց հետ, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվում է հանդես գալ Բաքվում եւ Երեւանում` առաջարկելով մրցել չեզոք դաշտում:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ Ադրբեջանն իսկապես հրաժարվել է անցկացնել ընտրական այս մրցաշարը եւ առաջիկայում 7-րդ խմբում ընդգրկված հավաքականները բանակցելու են մրցաշարը այլ երկրում անցկացնելու համար: Հնարավոր է, որ կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականները հանդես գան Ուկրաինայում կամ Շոտլանդիայում, որոնք սակայն առայժմ որեւէ առաջարկություն չեն արել: