Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 ԴՐԱՄ ... ԵՎ ԿՈՐՉԻ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց հոկտեմբերի 1-ից կենսաթոշակների բարձրացման մասին: Բազային կենսաթոշակին, որը կազմում է 3000 դրամ կգումարվի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար 80 դրամ: Նշենք, որ մինչ օրս տրվում էր 60 դրամ: Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանի այս հայտարարությունն առանձնապես չոգեւորեց ներկա լրագրողներին. Ֆրունզե Մուշեղյանն ասաց. «Օ՞յ, էդքան շուտ մի ասեք, օյ, ի՞նչ է դա տալու, արդյունքում կենսաթոշակները կավելանան 660-700 դրամով:»

Փաստորեն միջին կենսաթոշակը հոկտեմբերից կհասնի 6000 դրամի: Մուշեղյանը պնդում է, որ կենսաթոշակային հիմնադրամն ի վիճակի է վճարել այս գումարներն ու պարտքեր չկուտակել: Նա հպարտությամբ նշեց, որ այս էլ 2-րդ անգամ են բարձրանում կենսաթոշակները եւ չբացառեց, որ հունվարի 1-ից նույնպես կլինի հերթական բարձրացում:
Թերեւս նախընտրական տարում նման բարձրացումն այնքան էլ զարմանալի չէ:

Հիմնադրամի նախագահը տեղեկացրեց, որ բազային կենսաթոշակը չի բարձրանա, կավելալա ստաժի համար հավելավճարը, սրանով կարծես թե ուզում են խրախուսել, որ բնակչությունն աշխատի: Այստեղ բնական հարց կարող է ծագել, իս՞կ որտեղ:

Մուշեղյանը համոզված է, որ այսօր չաշխատող մարդ չկա, պարզապես, ըստ նրա,գործատուի եւ աշխատողի փոխադարձ համաձայնությամբ չեն գրանցում աշխատողին, այսպիսով խուսափելով ավելորդ վճարներից: Սակայն արդյունքում տուժելու է աշխատողը, որը չի ունենա համապատասխան ստաժ:

Պարոն Մուշեղյանին հիշեցրեցին, որ նման գործարքի մարդիկ գնում են ոչ լավ կյանքից ու հարկային օրենսդրության պատճառով: Բայց դա այլ հարց է:

Ի դեպ նկատենք, որ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա դեսպանատները մինչ օրս ոչ մի լումա չեն վճարում կենսաթոշակային հիմնադրամին իրենց այն աշխատողների համար, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ: Չեն վճարել նաեւ իրենք աշխատողները: Ֆրունզե Մուշեղյանը վստահեցնում է, որ այդ ուղղությամբ իրենք արդեն սկսել են աշխատել ու բանակցում են դեսպանատների հետ: Այդ չվճարված գումարները հաստատ ավելի շատ են, քան որեւէ տեղական ձեռնարկության: