Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ՏԵՂԱՑԻՆԵՐ

Հասարակություն

«Արցախի ապագա հոգեւորականները կլինեն միայն տեղացի երիտասարդները»,- Գանձասարի վանքին կից կառուցվող հոգեւոր ճեմարանի մասին խոսելիս ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:

Ճեմարանի շինարարությունը սկսվել է 2 տարի առաջ` բարերարների միջոցներով: Սրբազանը հույս ունի, որ այն կավարտվի նախատեսված ժամանակին, այսինքն եկող տարվա սեպտեմբերի մեկին:
Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից կառուցվող հոգեւոր ճեմարանում կսովորեն 20-ից 28 սաներ: 5 տարի սովորելուց հետո, նրանք ուսումը կշարունակեն Մայր Աթոռի Ս.Գեւորգյան ճեմարանում, որտեղ էլ կպաշտպանեն իրենց ավարտաճառերը:

Պարգեւ սրբազանը հույս ունի, որ ապագա հոգեւորականները արմատապես կփոխեն ղարաբաղցու պատկերացումը հավատքի եւ կրոնի մասին: «2 ու կես սերունդ անտեղյակ է քրիստոնեությունից: Մինչ օրս էլ մարդիկ շարունակում են հնուց եկած սովորույթը` թաշկինակները կապում են ծառերից այցելում են սրբատեղիներ եւ այլն»,- ասում է Արցախի թեմի առաջնորդը:

Արցախն այսօր էլ հոգեւոր զարթոնք է ապրում: Դա ըստ Պարգեւ սրբազանի կապված է Արցախի թեմի եւ Գանձասարի վանքի վերաբացման հետ: Արցախի բոլոր պետական դպրոցներում 1-ից 10րդ դասարաններում կրոնի դաս են անցնում: Իդեպ սրբազանը հատուկ շեշտեց, որ եկեղեցասեր հասարակության շարքերում եւ պատարագների ժամանակ հաճախ են երեւում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երիտասարդներն էլ սիրում են հաճախել Շուշիի Ամենափրկիչ եկեղեցին: Նշենք, որ Շուշիում այսօր ապրում է մոտ 3000 մարդ, սակայն ի տարբերություն Ստեփանակերտի, որտեղ պատերազմի հետքեր չկան եւ քաղաքը լիովին վերանորոգված է, Շուշին գրեթե նույն վիճակում է, ինչ 9 տարի առաջ էր: